«Եղելու և դեղելու» մարտավարությունը
Զարմանալի բաներ են կատարվում մեր տնտեսության մեջ։ Չես հասկանում՝ Հայաստանի երկրում վիճակը լա՞վ է, թե՞ վատ։
Օրինակ, երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ցուցանիշներ, որոնք բավականին տպավորիչ են։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին կազմել է 8.3 տոկոս։ Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և ծառայությունների ոլորտն արձանագրել են երկնիշ աճ։ Կաղում է միայն շինարարությունը, սակայն անկման տեմպը թուլացել է։ Մի խոսքով՝ գործերը կարծես վատ չեն, եթե հավատանք թվերին։
Այս ֆոնի վրա ետադարձ հայացքով շատ զարմանալի է դիտվում նախագահ Սերժ Սարգսյանի կեցվածքը՝ օրեր առաջ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Ինչպես հիշում եք, նախագահը, մեղմ ասած, անարգանքի սյունին գամեց կառավարությանն ու նրա առանձին անդամներին՝ հատուկ շեշտելով, որ դժգոհ է կաբինետի աշխատանքից։
Ինչպե՞ս կարելի է դժգոհել մի կաբինետից, որը նախատեսված 4%-ի փոխարեն պատրաստվում է տարեվերջին 7-8%-անոց աճ ապահովել։ Ավելին, Սերժ Սարգսյանի հայտնի հանդիպման հաջորդ օրը կառավարության գործունեության հասցեին գովեստի խոսքեր ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակության ղեկավարը։
Պարզ է, որ Սերժ Սարգսյանը խոսում էր ոչ թե ցուցանիշների, այլ կոնկրետ խնդրի՝ գնումների համակարգում առկա յուրացումների մասին։ Բայց չէ՞ որ կարելի էր փոքր-ինչ ներողամիտ լինել՝ հաշվի առնելով, որ Տիգրան Սարգսյանի թիմը ապահովում է իր առջև դրված ցուցանիշների կատարումը։
Կարող է թյուր կարծիք ստեղծվել, որ նախագահը չի հավատում պաշտոնական վիճակագրությանը։ Սակայն դա այդպես չէ, քանի որ ամիսներ առաջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը հիմնվում էր հենց այդ թվերի վրա, երբ խոսում էր վերջին տարիների ձեռքբերումների մասին։
Սակայն, եթե հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից՝ կարելի է նաև այլ բացատրություն գտնել։ Նախագահի խոսքերի էֆեկտը մեծանում է հենց այս դրական ցուցանիշների ֆոնին։ Ասել է թե՝ ամեն ինչ լավ է, սակայն ես ավելին եմ ուզում։ Ինձ չեն բավարարում ոչ ձեր փայլուն ցուցանիշները, ոչ էլ անգամ՝ միջազգային կառույցների դրական գնահատականները։ Ինձ պետք է, որ դուք ավելի լավ աշխատեք։
Այս պրիզմայով դիտարկելու դեպքում կշտամբանքը դառնում է գովք։ Այսինքն՝ կշտամբելով կառավարությանը՝ նախագահն ակնարկում է, որ նրանք ավելին են կարող, նրանց մասնագիտական որակները, փորձը և կամքը բավարար են՝ ավելի լուրջ արդյունքների հասնելու համար։ Իսկ նման կերպ ընկալելու դեպքում՝ նեղանալու տեղ չի մնում։ Ո՞վ իմանա, միգուցե հենց այդ ընկալման պատճառով է, որ ո՛չ վարչապետը, ո՛չ էլ նախարարները չվիրավորվեցին և հրաժարական չտվեցին։