«Պետությունը ես եմ»

Գնահատականները, որ սեպտեմբերի 15-ին Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի «խիստ» հայտարարություններն ընդամենը PR նպատակներ ունեին, հաստատեց նույն կառավարությունն այսօր կայացած նիստում: Դա, ի դեպ, առաջին նիստն էր՝ «նախատինքի շաբաթից» հետո:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով տրամաբանորեն պետք է  ոչ միայն սթափված չլիներ շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից իր հասցեին հնչած նկատողություններից հետո, այլ պետք է հայտնված լիներ խորը ընկճախտի մեջ, երեկ առավել եռանդուն էր ու կորովի, քան երբևէ: Նա նույնիսկ հանդգնեց Ս. Սարգսյանի կողմից հիշատակված հանրային գրադարանի շինարարության պատմությունն անվանել «խայտառակություն»` ցուցաբերելով համարձակության աննախադեպ դրսևորում: Տ. Սարգսյանից պակաս ակտիվ չէին կառավարության մյուս անդամները ևս:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ով հայաստանյան իրողությունների պայմաններում անգամ ոչ հրապարակային դաշտում պետք է որ զգուշավորություն ցուցաբերեր Երևանի նախկին քաղաքապետ, այժմ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար  Գագիկ Բեգլարյանի եղբոր հետ շփումներում, այսօր առաջարկեց աշխատանքից ազատել նրա գլխավորած կառույցի` Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, այդ թվում` Հակոբ Բեգլարյանին: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն էլ հայտարարեց, թե ստուգումներ են սկսելու «անձեռնմխելի» համարվող ոլորտների` շաքարավազի, վառելիքի և այլ շուկաներում:

Մի խոսքով, այսօրվա նիստում կառավարությունն իսկական «դրայվի մեջ» էր, կարծես Տիգրան Սարգսյանն ու նրա ենթականերն արթնացել են «նոր Հայաստանում»:
Իրականում Սերժ Սարգսյանի համար մտածված քարոզչական նպատակը հետևյալն էր. նախագահը շատ խիստ տոնով ելույթ է ունենում կառավարությունում, բարկանում է վարչապետի ու նախարարների վրա, համարյա ասում է, որ «էս երկիրը երկիր չի», և այլն, և այդպես շարունակ:

Դրանից հետո հասարակությունը սկսում է մտածել, որ երկրի մասին մտածող միակ պաշտոնյան Սերժ Սարգսյանն է: Կառավարության անդամներն էլ նպաստում են դրան: Ըստ էության, Սերժ Սարգսյանի համար նրա տեխնոլոգները մտածել են «Պետությունը ես եմ» օպերացիան, ինչին էլ լծվել է կառավարությունը: Հաշվարկը շատ պարզունակ է. ոչ մեկը ոչինչ չէր անում այնքան ժամանակ, մինչև մտահոգ նախագահը «բռունցքը չխփեց» սեղանին: Կառավարությունն այդ ռեժիմով, ամենայն հավանականությամբ, կաշխատի, թերևս, մինչև նախագահական ընտրություններ, եթե, իհարկե, մինչ այդ պաշտոնանկ չարվի:

Բացառված չէ անգամ, որ այդ իմիտացիոն գործունեության արդյունքում ինչ-որ դրական քայլեր արվեն: Խնդիրը, սակայն, այլ է. ոչ թե կառավարությունը սկսել է ավելի լավ աշխատել, և իշխանությունը դա «PR է անում», այլ՝ հակառակը, նախագահական ընտրություններից առաջ սկսել է Սերժ Սարգսյանի PR-ը, ինչի համար կառավարությունը պետք է աշխատելու իմիտացիա անի: Սրանք սկզբունքորեն տարբեր մոտեցումներ են` միանգամայն տարբեր հետևանքներով: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են, այնուամենայնիվ, Տիգրան Սարգսյանն ու կառավարության մյուս անդամները համաձայնվում հրապարակային ստորացման ենթարկվել, ապա դա ևս պարզ բացատրություն ունի:

Ս. Սարգսյանը  նրանց, թերևս, ասել է` «տղերք, միևնույն է, ձեզ աջ ու ձախ հայհոյում են, ընտրություններից առաջ էլ մի քանի թթու խոսք ես ասեմ` հանուն մեր թիմի հաղթանակի»: Բնականաբար, ոչ միայն որևէ մեկը չէր առարկի նրան, այլ դա կհամարեր մեծագույն պատիվ` «շեֆին ծառայելու» ու դրանով «օբշչյակին» նպաստելու առումով:

Այնպես որ, սերիալային կրքերի սիրահար հայ ժողովրդին սպասվում է դիտարժան եթերաշրջան: Չէր խանգարի անգամ, որ մի քանի ամսով կառավարությունը նիստեր գումարեր ոչ թե շաբաթը մեկ, այլ երկու կամ երեք անգամ: Ի վերջո, կառավարության անդամներին կարելի է բացի «չոր աշխատավարձից»՝ վճարել նաև «քարոզչական տեսարաններում» նկարահանվելու համար: Հայաստանում դերասաններին բավական բարձր են վարձատրում:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս