ՄԱԿ-ը կնշի 20-ամյա հոբելյանը

Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի հարցազրույցը «168 Ժամին»

– Մինչև օրս Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից իրականացված ինչպիսի՞ խոշոր ծրագրեր են իրականացվել:

– ՄԱԿ-ն ակտիվորեն աջակցել է հայ հասարակության լիակատար սոցիալական վերափոխմանը` առաջ մղելով ազգային զարգացման օրակարգը և նպաստելով Հազարամյակի զարգացման ազգայնացված նպատակների իրականացմանը: Նշեմ վերջին ժամանակների զգալի հաջողություններից մի քանիսը: Դրանք են`

  • Գյուղերում աղքատության կրճատումը աշխատատեղերի ստեղծմամբ, այդ թվում` նաև երիտասարդների ու կանանց համար, ՓՄՁ-ներին աջակցելու, վարկեր ձեռք բերելու և մասնագիտական կրթություն ստանալու գործընթացը հեշտացնելու, առևտրի խթանման և գյուղական ենթակառուցվածքների ստեղծման միջոցով։
  • Կանանց մասնակցության ընդլայնումը երկրի սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում, պետական հաստատությունների գործունեության բարելավումը և արտադրողականության ու արդյունավետության բարձրացումը, շրջանների համաչափ զարգացմանը նպաստելը և ապակենտրոնացումը:
  •   Մայրական և նորածնի խնամքի ծառայությունների որակի բարձրացումը, սեռով պայմանավորված հղիության ընդհատումները կանխարգելող քաղաքականության մշակումը և վերարտադրողական առողջության ծառայությունների բարելավումը:
  • Շրջակա միջավայրի կայունության ապահովումը հնարավորությունների ընդլայնման միջոցով, ինչպես ազգային, այնպես էլ տեղական մակարդակներում` ինտեգրելով բնապահպանության հետ կապված խնդիրները համապատասխան ոլորտների համար մշակված քաղաքականությունների և ռազմավարությունների մեջ: ՄԱԿ-ն իր աշխատանքով աջակցել է հարմարվողականության և էկոհամակարգի առողջացման հետ կապված ձեռնարկումների կատարելագործմանը` կրճատելով կենսաբազմազանության կորուստը և նպաստելով համայնքներում կանաչ տնտեսություններ ստեղծելու նախաձեռնությունների զարգացմանը:
  • Խթանել էներգետիկ արդյունավետությունը, աջակցել կառավարությանը` մշակելու և իրականացնելու կլիմայի փոփոխությունների հետ կապված հարմարվողականության և ազդեցության մեղմացմանն ուղղված քաղաքականություն և ռազմավարություն:
  • Ամրապնդել երկրի դիմակայունությունը` ստեղծելով Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ և ընդլայնելով Արտակարգ իրավիճակների նախարարության ու համապատասխան ազգային ու տեղական մակարդակի այլ շահագրգիռ կողմերի հնարավորությունները:

– Ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել` Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի գործունեության 20-ամյակին նվիրված:

– 1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ, և մի քանի ամիս անց`դեկտեմբերին, բացվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ի գործակալությունները, հիմնադրամներն ու ծրագրերը հայաստանյան հասարակության տարբեր դերակատարների հետ հաստատել են ռազմավարական գործընկերություններ:

Համագործակցությունը կառավարության, մասնավոր հատվածի, գիտակրթական ոլորտի, հ/կ-ների և քաղաքացիական հասարակության ավելի լայն շերտերի հետ օգնել է մեզ ցույց տալ մեր` անկողմնակալ աջակցողի և խթանողի դերը Հայաստանը դեպի գործուն ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն տանող անցման փուլում:

Մենք նպաստել ենք մարդկային կայուն զարգացման առաջխաղացմանը և Հազարամյակի զարգացման ազգայնացված նպատակների իրագործմանը` պետության կարողությունների հզորացման, լիակատար օրենսդրական բարեփոխումների նախաձեռնման ու աջակցման, ինչպես նաև հասարակության սոցիալական կառուցվածքի և երկրի դիմակայունության ամրապնդման միջոցով:

Հոկտեմբերի 24-ին նախատեսում ենք նշել ՄԱԿ-ի օրը: Մենք նախապատրաստում ենք տպագրության հատուկ լուսանկարների ալբոմ, որտեղ կփորձենք ներկայացնել այն մեծ ազդեցությունը, որ ունեցել է ՄԱԿ-ի զարգացմանն ուղղված օժանդակությունը Հայաստանի քաղաքացիների բարօրության և ժամանակակից Հայաստանի առաջընթացի վրա: Այդ լուսանկարների շարժական ցուցահանդեսը կներկայացվի երկրի տարբեր քաղաքներում և համայնքներում, ինչը հնարավորություն կտա բոլորին` մեզ հետ միասին տոնելու ՄԱԿ-ի Հայաստանում գտնվելու 20-ամյա հոբելյանը:

– Հայաստանյան բուհերում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվել:

– Ես հաճախ եմ հանդիպում ուսանողների և երիտասարդների հետ և միշտ տպավորված եմ, թե որքան պայծառ, ստեղծագործ, կրթված ու խանդավառ են նրանք: Մեր գրասենյակն անում է հնարավորինս` երիտասարդության շրջանում խաղաղության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի, համերաշխության և տարածաշրջանային անվտանգության նկատմամբ նվիրվածության և երկրի բարգավաճման մասին գաղափարների տարածման գործում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր` ուղղված երիտասարդների հզորացմանը, ստեղծագործ մտքին, տաղանդին և հսկայական ներուժին: Մենք ընդլայնում ենք նրանց հնարավորությունները, որպեսզի նրանք դառնան հարգված և հարգալից քաղաքացիներ, ովքեր էականորեն կնպաստեն Հայաստանի առաջընթացին ու կայուն զարգացմանը: Նրանք ակտիվորեն մասնակցում են դասախոսություններին, որտեղ սովորում են ՄԱԿ-ի պատմության, արժեքների, քաղաքականության և գործունեության մասին:

Նրանք քննարկում են ՄԱԿ-ի մասին ֆիլմեր, որոնք մեր կամավորների կողմից թարգմանված են հայերեն, և բանավիճում են ՄԱԿ-ի աշխատակիցների հետ կազմակերպությանը վերաբերող հարցերի շուրջ: Մենք սերտորեն համագործակցում ենք մի շարք համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև կազմակերպում ենք քննարկումներ մամուլի ազատության, մարդու իրավունքների, մտավոր սեփականության պաշտպանության, սոցիալական ցանցերի, հեռարձակվող մամուլի թվայնացման վերաբերյալ` Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական, Սլավոնական և Երևանի պետական համալսարանների հետ:

Մենք ՄԱԿ-ի անկյուններ ենք բացում Հայաստանի համալսարաններում, և մեր մասնագետները դասախոսություններ են կարդում ուսանողների համար Հայաստանում ՄԱԿ-ի առանցքային գործունեության վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարության և միջազգային հանրության մեր գործընկերների հետ համատեղ` մենք երիտասարդների համար կազմակերպում ենք մարդու իրավունքների վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը`պարգևատրելով լավագույն ֆիլմերը: Այս տարի փառատոնը նվիրված է «Մարդու իրավունքները թվային դարաշրջանում» թեմային: Ես կցանկանայի քաջալերել երիտասարդներին, որպեսզի ներկայացնեն իրենց կարճամետրաժ ֆիլմերը: Մանրամասների համար կարող եք այցելել մեր կայքէջ:

– Գլխավոր քարտուղարը` Բան Գի Մունը, ՀՀ-ում լինելու մտադրություն ունի՞, թեկուզ 20-ամյակի կապակցությամբ:

– ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ըստ իր ընթացիկ օրակարգի, ներկա չի գտնվի Հայաստանում ՄԱԿ-ի հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառումներին: Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի փոխտնօրենը ներկա կլինի Հայաստանում ՄԱԿ-ի օրվան` հոկտեմբերի 24-ին, նվիրված տոնակատարություններին:

– ՄԱԿ-ի գրասենյակը ո՞րն է համարում Հայաստանի գլխավոր խնդիրը և այդ խնդրի լուծման համար ի՞նչ քայլեր է ձեռնարկում:

– ՄԱԿ-ը Հայաստանում կարևորում է զարգացման չորս մարտահրավերներ, որոնց հասնելու համար մենք սերտորեն համագործակցում ենք ազգային գործընկերների հետ, ներառյալ` կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը: Այս մարտահրավերները հաղթահարելու համար ՄԱԿ-ը նախանշել է առանցքային ոլորտներ, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում: Դրանք են`

1. Ներառական բնույթի և կայուն աճի խթանում` անհավասարությունները նվազեցնելու և խոցելի խմբերի համար տնտեսական ու սոցիալական հնարավորություններն ընդլայնելու միջոցով։
2. Ժողովրդավարական կառավարման ամրապնդում` պատասխանատվության և հաշվետվության բարելավման, ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացման խթանման և մարդկանց մասնակցության ընդլայնման միջոցով։
3. Սոցիալական ծառայությունների հասանելիության ու որակի բարելավում` հատկապես խոցելի խմբերի համար։
4. Շրջակա միջավայրի պահպանման և աղետների ռիսկի նվազեցման ներառում ազգային և տեղական զարգացման ծրագրերում:

Ի լրումն` ավելացնեմ, որ 2001թ. լայնածավալ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի ավելի քան 150 գյուղական և քաղաքային համայնքներին, ներառյալ` սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների բարելավումը, սոցիալական ծառայություններին առավել հասանելիությունը, եկամուտ ստեղծող հնարավորությունների ընձեռումը և ֆինանսների հասանելիությունն առավել աղքատներին, տեղական համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վերարտադրումը:

Արդյունքում` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների հետ գործընկերությամբ, բարելավեց թիրախային համայնքների կենսամակարդակը` վերականգնելով ավելի քան 45 սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներ, ներառյալ կրթությունը, առողջապահությունը, գազի մատակարարումը, ոռոգման ցանցերը և այլ ջրային ենթակառուցվածքներ: Ավելին, կարևորելով գյուղատնտեսությունը` որպես ապրուստի միջոց Հայաստանի շրջաններում, և այն փաստը, որ գյուղատնտեսական արտադրանքը հաճախ վաճառվում է ոչ վերամշակված տեսքով` կորցնելով հավելյալ եկամտի հնարավորությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը վերջին 9 տարվա ընթացքում իրականացրեց ավելի քան 50 գյուղատնտեսական և վերամշակման ծրագրեր:

– ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակն ինչպե՞ս է պատկերացնում Թուրքիայի և Ադրբեջանի նման երկրների հետ միաժամանակ` Հայաստանի` ՄԱԿ-ում ընդգրկված լինելու փաստը, արդյո՞ք կարողանալու է լինել բավականաչափ օբյեկտիվ այդ 3 երկրներին վերաբերող ընդհանուր շահերին առնչվող որոշումներ քննարկելիս և ընդունելիս:

– ՄԱԿ-ը միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որի կանոնադրական նպատակներն են` նպաստել համագործակցությանը միջազգային անվտանգության, միջազգային իրավունքի, տնտեսական աճի, սոցիալական առաջընթացի, մարդու իրավունքների և աշխարհում խաղաղության պահպանման ոլորտներում: Ինչպես հայտնի է` ՄԱԿ-ը ստեղծվել է 1945թ.` պատերազմներին վերջ դնելու և երկրների միջև երկխոսության պլատֆորմ ապահովելու համար: Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ՄԱԿ-ի անդամ պետություններ են: ՄԱԿ-ն ունի 193 անդամ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: Բոլոր այս պետությունները, ներառյալ` նաև տարածաշրջանի մյուս երկրները, իրենց ներդրումն ունեն կազմակերպության համակողմանի աշխատանքն ապահովելու գործում, որը և անում են ակտիվորեն` ընդունելով միջազգային հանրության առջև ծառացած բազմաթիվ ընդհանուր մարտահրավերները:

Տեսանյութեր

Լրահոս