11 միլիարդ դրամի շատ կասկածելի ծախսեր

Օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց «ատկատների» մասին և հատուկ առանձնացրեց մեկ անձից կատարվող գնումների համակարգում առկա խնդիրները։  Ս. Սարգսյանն անդրադարձավ մեկ-երկու մասնավոր օրինակների, սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե ընդհանուր առմամբ որքա՞ն է «ատկատների» գոնե մոտավոր չափը։

Փորձենք հաշվել՝ մոտավորապես որքա՞ն է կազմում, այսպես կոչված, խոցելի գումարը։ Այսինքն՝ այն գումարը, որը շատ հարմար է «ուտելու» համար։ Դատելով նախագահի խոսքերից՝ գումարներ գրպանվում են հիմնականում 1 անձից կատարվող գնումների ժամանակ։ Այսինքն՝ պետությունն օրենքով հնարավորություն է տվել որոշ անհետաձգելի դեպքերում գնումն իրականացնել առանց մրցույթ անցկացնելու, մեկ անձից։ Օրինակ, եթե ճանապարհ է փլվել, ապա այն հարկավոր է հնարավորինս արագ վերանորոգել։ Մրցույթ անցկացնելն այս դեպքում աբսուրդ է, և շինարարական աշխատանքները գնելու որոշումն ընդունվում է արագ և 1 անձից։ Սակայն այդ հնարավորությունը որոշ պաշտոնյաներ դիտարկում են՝ որպես գումարներ աշխատելու հնարավորություն։

 

e-gov.am կայքում հրապարակված են տարբեր գերատեսչությունների կողմից մեկ անձից կատարված բոլոր գնումները։ Տվյալների բազայում ներառված են մինչև 2012թ. օգոստոսի 26-ը ներառյալ գնումները։ Այս տարվա հունվարի 1-ից մինչև օգոստոսի 26-ը, ըստ վերը նշված կայքի, մեկ անձից կատարված գնումների թիվը եղել է 360, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 13.4 միլիարդ դրամ։ Այսինքն՝ այս թիվն արդեն ապրիորի կարելի է համարել կասկածելի թիվ։

Սակայն այդ կասկածելիների մեջ կան շատ ավելի կասկածելիներ կամ ռիսկայիններ՝ շինարարական աշխատանքները։  Վերը նշված 360 գործարքներից 238-ը շինարարական աշխատանքներ են, որոնց արժեքը կազմում է 10.9 միլիարդ դրամ։ Որպես կանոն՝ դրանց հիմքում նշված է՝ «անհետաձգելի պահանջ»։ Սրանք արդեն միանշանակ խիստ կասկածելի գումարներ են, որոնց մանրազնին ուսումնասիրությունը կարող է վեր հանել աստղաբաշխական մեծության յուրացումներ։

Նշենք նաև, որ ևս 40 գործարք, այսպես կոչված, «Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններ» են, որոնք պակաս ռիսկային չեն։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 163 մլն դրամ։

Փաստորեն, եթե ամփոփենք, կստացվի, որ պետական գնումների համակարգում առկա է 13.4 միլիարդ դրամի կասկածելի ծախս, որից 11 միլիարդը՝ շատ կասկածելի։ Մի երկրի համար, որտեղ նվազագույն աշխատավարձն ընդամենը 32500 դրամ է, դա չափազանց մեծ ցուցանիշ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930