
Արցախի նախագահը Հարավային Օսիայի իր գործընկերոջը շնորհավորել է անկախության տարեդարձի առիթով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին շնորհավորական հեռագիր է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին:
Հեռագրում մասնավորապես ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի Հանրապետության ողջ ժողովրդին պետական անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ինքնիշխան Հարավային Օսիայի կազմավորումը, նրա ազատության և անկախության հերոսական պաշտպանությունը Օսեթիայի ժողովրդի հնագույն պատմության ամենավառ էջերից մեկն է, նրա անկոտրում ոգու, հայրենասիրության և անձնազոհության ցայտուն դրսևորումը:
Անկախության տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունը հասել է նշանակալի նվաճումների պետականաշինության, տնտեսության զարգացման, բնակչության կենամակարդակի բարձրացման գործում: Համոզված եմ՝ Հարավային Օսիան կունենա պայծառ ու հուսալի ապագա:
Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների միջև բարեկամությունը ոչ միայն կպահպանի առկա դինամիկան, այլև կհասնի որակապես նոր մակարդակի:
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ողջ հարավ-օսեթական ժողովրդին այս կարևորագույն տոնի առթիվ:
Խաղաղություն և բարգավաճում Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին»: