Եթե Ադրբեջանը ցանկանում է լինել Եվրոպական ընտանիքի մաս, չպետք է հերոսացնի հանցագործին. Դ.Պինտո
«Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը անկախության 21 տարիների ընթացքում կարող էր շատ ավելի արդյունավետորեն զարգանալ»,- այս մասին, ըստ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության, ասել է Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն:
Ըստ Եվրոպայի խոշորագույն կազմակերպություններից մեկի համակարգողի, Ռամիլ Սաֆարովի ներում շնորհելու փաստը և դրա շուրջ ստեղծված լարվածությունը եվրոպական և տեղական մտածելակերպերի տարբերության վառ օրինակ է:
«Եթե Ռամիլ Սաֆարովը Բաքվում սպաներ ինչ-որ մեկին, ապա նա հիմա կիներ բանտում: Բայց նա սպանել է այլ ազգի իր գործընկերոջը` Եվրոպայում, իսկ տեղական իշխանությունները արել են հնարավոր ամեն ինչ` իրեն ներում շնորհելու համար: Եվրոպացիները հասկանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի լուրջ, ինչպես նաև հոգեբանական հետևանքները, և Սաֆարովը այն մարդկանցից է, ով տառապում է այս պատմական իրադարձության բարդույթով:
Սակայն եթե Ադրբեջանը ցանկանում է լինել Եվրոպական ընտանիքի մաս, չպետք է օրինականացնի, ինչպես նաև հերոսացնի հանցագործներին և հանցագործությունները: Դա վերաբերում է հանցագործությանը, անկախ երկրից և առկա խնդիրներից»,- նշել է Պինտոն: