
ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն -2012» զորավարժությունները ավարտվեցին

«Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում սեպտեմբերի 19-ին ավարտվել են ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն -2012» զորավարժությունները:
Զորավարժություններին մասնակցում էին ՀԱՊԿ-ի անդամ երկրների ուժային կառույցների շուրջ 2000 մասնակիցներ: Զորավարժությունների ընթացքին հետեւում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Անատոլի Սերդյուկովը, միջազգային կազմակերպությունների դիտորդներ, բազմաթիվ հյուրեր:
Զորավարժությունների սցենարով գործողությունները զարգանում էին մի քանի ուղղությամբ` պետական սահմանի պաշտպանություն, գրոհայինների խմբերի չեզոքացում, ահաբեկչության կանխարգելում, քաղաքացիական բնակչության խմբի ազատում գերությունից:
Զորավարժություններին կիրառվում էր 500 միավոր տեխնիկա, այդ թվում` զրահատեխնիկա. տանկեր եւ ԲՄՊ, 50 միավոր հրետանի, ականանետներ, հաուբիցներ, 200 ավտոմեքենա, 1500 միավոր նշանառու զենք: Առաջին անգամ ԱԱՀՈՒ զորավարժություններում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, ռազմական ուղղաթիռներ եւ օդանավեր:
Ակտիվ գործողությունների փուլը տեւել է 1,5 ժամ` 10:00-11:30-ը: Զորահրամանատարը զեկուցել է առաջադրանքի բարեհաջող ավարտի մասին. Առաջադրանքը կատարված է, պետական սահմանը վերականգնվել է, հակառակորդը` նահանջել:
Զորավարժությունների ակտիվ գործողությունների փուլի ավարտից հետո կայացել է պարգեւատրման արարողությունը: