Պուտինը սկսել է խիստ քննադատել Մեդվեդևի կառավարությանը
ՌԴ Ֆինանսների նախարարության՝ կառավարությանը ներկայացրած 2013-2015թթ. բյուջեի նախագիծն արժանացել է նախագահ Վլադիմիր Պուտինի խիստ քննադատությանը, ով դրանում «համակարգային ձախողումներ» է հայտնաբերել՝ նախագահի հրամանների չկատարում, գրում է Ведомости-ն:
«Այդպես չի կարող լինել ու չի էլ լինի, ցանկանում եմ այդ մասին միանգամից ասել»,- Սոչիում նախօրեին նախարարների հետ խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը:
Մայիսին նորընտիր նախագահն ընդունել էր անհետաձգելի խնդիրների լուծման վերաբերյալ 11 հրամանագիր, որոնց մեծ մասը պետք է իրականացվեին մինչև աշուն: Ըստ նախագահի՝ բյուջեի նախագծում հաշվի չեն առնվել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ծրագրերը: Դրանց վերաբերյալ համաձայնեցված առաջարկները կառավարությունը մինչ այսօր չի ներկայացրել, պատրաստ չեն նաև Սիբիրի և Հեռավոր Արևելքի զարգացման սոցիալ- տնտեսական զարգացման, երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման և այլնի վերաբեյալ առաջարկները:
Հրամանագրերում դրանց կատարման վերջնաժամկետ էր նշված հունիս- օգոստոսը:
Ըստ նախագահի՝ այս հարցում ամենից շատ մեղավոր են Աշխատանքի և Տարածքային զարգացման նախարարները, ինչի համար վերջիններս նկատողության էին արժանացել:
Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան Ведомости-ին վստահեցրել է, որ նախագահի նկատողություններն անպայման հաշվի կառնվեն: «Թե ինչպես, դեռ վաղ է ասել, պետք է սպասել փոխվարչապետերի ու նախարարների վերադարձին»,- ասել է նա:
Իսկ ֆինանսների նախարարության մի պաշտոնյա կարծիք է հայտնել, որ դա կարվի մինչ Պետդումայում բյուջեի մասին օրինագծի երկրորդ ընթերցումը: Սակայն նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահություն է հայտնել, որ նախագահի նկատողությունները հաշվի կառնվեն մինչ օրինագիծը Պետդումա ներկայացնելը, այսինքն՝ հոկտեմբերի 1-ը: