Կալանավայրերում բռնությունների դեմ ցույցեր Վրաստանի մի քանի քաղաքներում

Վրացական ընդդիմադիր «Մաեստրո» և «ՏՎ – 9» հեռուստաալիքները տարածել են թաքնված տեսախցիկով նկարահանված կադրեր, որոնցում ցուցադրված է Թբիլիսիի Գլդանի բանտի կալանավորների խոշտանգումը բանտի աշխատակիցների կողմից, հայտնում է Interfax-ը:

 

Այդ կադրերում երևում է, թե հսկիչներն ինչպես են դագանակներով ու նաև ավելով բռնաբարում կալանավորներին: Մեկ այլ կադրում 20 հսկիչ հերթով ծեծի է ենթարկում բանտարկյալներին:

 

Կադրերը ընդդիմադիր հեռուստաալիքներին է փոխանցել բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն` Բելգիայից. նա դրանք գաղտնի նկարել է մի քանի ամիս շարունակ:

 

Բեդուկաձեի խոսքով` խոշտանգումներն իրականացվել են անմիջապես ներքին գործերի նախարար Բաչո Ախալայայի հրահանգով: Իսկ այդ և այլ կալանավայրերում իրականացվող բռնությունների մասին տեղյակ է եղել պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն: Վերջինս արդեն ազատվել է պաշտոնից:
Կադրերը փոխանցվել են նաև Եվրամիության ներկայացուցիչներին: Իսկ Վրաստանում կադրերի ցուցադրումից հետո Գլդանսկի բանտի մոտ բողոքի ցույցի են դուրս եկել կալանավորների բարեկամները, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Նրանք պահանջում են անհապաղ պաշտոնանկ անել նշված պաշտոնյաներին:

 

Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ բողոքի ցույցեր են սկսվել նաև Բաթումում և Փոթիում: Հետագայում այդ քաղաքներին միացել են նաև Ռուսթավին և Զուգդիդին: Ակցիաներին միանալու մասին հայտնել են նաև վրաց լրագրողները: Երկրի ՄԻՊ-ը բարձրացրել է բանտի ղեկավարության պատասխանատվության հարցը: Բողոքի ակցիա է արել նաև Բրյուսելի վրաց համայնքը:

 

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խոստացել է պատժել բոլոր մեղավորներին:

Տեսանյութեր

Լրահոս