Մեքենայով միտումնավոր սպանություն կատարողին գտան սիրուհու անկողնու տակից
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի ու Սևանի բաժինների քրեական հետախուզության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս, առավոտյան ժամը 5-ի սահմաններում, Արարատի մարզի Այգավան գյուղի «Ենգոյի Սուրիկի խորտկարան գիշերային ակումբից» Արարատի ոստիկանության բաժին են բերման ենթարկել Այգավան գյուղի բնակիչ, 26-ամյա Արամ Ղազարյանին: Նրա նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ասատրյանը որոշում է կայացրել որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Քանի որ, Ոստիկանության Սևանի բաժնի քննչական բաժանմունքում սպանության մեղադրանքով նրա նկատմամբ հարուցվել էր քրգործ և հայտարարվել էր հետախուզում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի (սպանությունը կատարվել է խուլիգանական դրդումներով) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 7-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սևան քաղաքի Սևան գծային կայարանի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել: Դեպքի վայր մեկնած Սևանի օպերատիվ խումբը պարզել էր, որ մահացածը «Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ»-ի աշխատակից Նվեր Սերգեյանն էր, որը մահացել էր վրաերթի արդյունքում:
Օպերատիվ քննչական խումբը պարզել էր, որ մինչ նրան վրաերթի ենթարկելը, նշված վայրում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ Ա. Ղազարյանը իր կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի 891 ՕՏ 64 համարանիշի ավտոմեքենան քշել էր իր հետ վիճաբանող անձանց վրա, որի ժամանակ էլ Ն. Սերգեյանը վրաերթի էր ենթարկվել և տեղում մահացել: Այդ ամենն անելուց հետո Ա. Ղազարյանը դիմել է փախուստի:
Դեպքի հաջորդ օրը Սևանի ոստիկանները Արարատի իրենց գործընկերներին հայտնել են կատարվածը: Արարատի ոստիկանները դարանակալել են Ա.Ղազարյանին և փորձել են վնասազերծել, սակայն նա «Միցուբիշին» քշել է ոստիկանների ավտոմեքենայի վրա և նորից դիմել փախուստի:
Ի դեպ հայտնում է, որ Ա. Ղազարյանը նույնպես աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ»-ի Մասիսի մեխանիզացված գծային կայանում՝ որպես վարորդ: Իսկ վիճաբանության և վրաերթի ժամանակ նրա հետ է եղել նաև հայրը՝ Մամիկոն Ղազարյանը:
Ի դեպ, shamshyan.com-ը տեղեկացնում է, որ երբ ոստիկանները նրան հայտնաբերել են, նա թաքնված է եղել գիշերային ակումբի իր սիրուհու, ով պարուհի է, մահճակալի տակ: