Դաբրոների ժամանակը
Այսօր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՀԱԿ մամուլի ծառայությունը, ըստ որի, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, տարածաշրջանային քաղաքականությունը, Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական և միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցեր:
Լ. Զուրաբյանի ու Վ. Կովալենկոյի հանդիպման այլ մանրամասներ ՀԱԿ մամուլի ծառայությունը չի հաղորդում, մինչդեռ այդ հանդիպումը բավական ուշագրավ է՝ հատկապես վերջին շրջանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների, Հայ ազգային կոնգրեսի մասին հնչող գնահատականների համատեքստում:
Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ ՀԱԿ-ն արդեն տևական ժամանակ իր գործունեությունը կառուցում է, ինչպես ընդունված է ասել, «ռուսական ուղեծրում»:
ՀԱԿ ներկայացուցիչներն առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում այդ գնահատականները հերքելու, մերժելու համար: Խոսքը ոչ թե «մենք միայն հայաստանամետ ուժ ենք» հերթապահ ձևակերպման, այլ կոնկրետ գործողություններով, քաղաքական դիրքորոշումներով ամրագրվող հերքումների մասին է, որպիսիք ՀԱԿ-ի գործունեության մեջ բացակայում են:
Ավելին` Ռուսաստանին վերաբերող հարցերում ՀԱԿ-ը վերջին շրջանում առավելագույն չափով լոյալություն է պահպանում: Օրինակ, գրեթե ցանկացած իրադարձության վերաբերյալ հայտարարություններով հանդես եկող ՀԱԿ-ը մինչ օրս պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել Եվրասիական միության մասին, թեև դրան Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ քննարկումները շարունակվում են արդեն մի քանի ամիս: «Ռուսական ուղեծրով» են շատերը պայմանավորում նաև ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, ներքաղաքական տարբեր կոնֆիգուրացիաներում այդ երկու ուժերի` միասնաբար հանդես գալու հնարավորությունը, ինչը ևս Կոնգրեսի ներկայացուցիչներին ոչ միայն չի հուզում, այլև հակառակը` նրանք ամեն ինչ անում են՝ դա իրականություն դարձնելու համար:
Սակայն Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ Լ. Զուրաբյանի հանդիպումը հետաքրքիր է նաև մեկ այլ առումով: Ընդամենն անցած շաբաթ Վյաչեսլավ Կովալենկոն «Նովոստի Արմենիի» գործակալությանը տված հարցազրույցում, մեղմ ասած, վիրավորական հայտարարություններ էր հնչեցրել Հայաստանի Հանրապետության հասցեին: «Ռուսաստանը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր է հանդես եկել և ցանկանում է նրան ուժեղ, մրցունակ և զարգացած տեսնել», «Հատկապես Ռուսաստանն է, ինչպես բազմիցս եղել է պատմության մեջ, որպես Հայաստանի անվտանգության, նրա ինքնության պահպանման երաշխավոր հանդես եկել, և այժմ նույնպես գտնվում է իր դաշնակցի կողքին», «ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Ռուսաստանի օգնությամբ Հայաստանին հաջողվեց պահպանել շատ խոշոր ձեռնարկություններ, որոնք այսօր կազմում են տնտեսության կորիզը` գազի բաշխում, հանքարդյունաբերական ձեռնարկություններ»: Այս և «առանց Ռուսաստանի Հայաստանը կորած է» ոգով մի շարք այլ հայտարարություններ էր արել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:
Շատ հետաքրքիր է, Վ. Կովալենկոյի հետ հանդիպման ժամանակ Լևոն Զուրաբյանը որևէ վերաբերմունք արտահայտե՞լ է վերը նշված գնահատականների առնչությամբ: Ասենք, հարգարժան դեսպանին, թեկուզ դիվանագիտական քաղաքավարությամբ, ինչ-որ բան ասե՞լ է Հայաստանի անվտանգության ու ինքնության պահպանման, կամ Հայաստանում «ռուսական տնտեսական էքսպանսիայի» հետևանքների մասին: Դատելով հանդիպման մասին պատմող ՀԱԿ-ի պաշտոնական հաղորդագրությունից, չի ասել: Ավելին` ըստ նույն հաղորդագրության, այն անցել է բավական «ջերմ և փոխադարձ ըմբռնման մթնոլորտում»: Հակառակ դեպքում, գոնե համապատասխան ձևակերպմամբ հաղորդագրության մեջ նշված կլիներ, որ, ասենք, «Լ. Զուրաբյանը իր անհամաձայնությունն է հայտնել վերջերս պարոն դեսպանի կողմից արտահայտված մի շարք գնահատականների առնչությամբ»:
Այն, որ իշխանական գործիչները որևէ կերպ չպետք է պատասխանեին «ռազմավարական գործընկերոջ» ներկայացուցչի` Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարող հայտարարություններին, ցավոք, նորմալ է. Հայաստանի իշխանությունները երևացող և անտեսանելի կապերով կապված ու կախված են ռուսներից, հետևաբար՝ նրանց համարժեք պատասխանելու իրավասություն չունեն: Իսկ ի՞նչն է խանգարում ընդդիմությանը Հայաստանի շահերը ռուս դիվանագետից պաշտպանելու հարցում: Ըստ էության, նույնը, ինչն իշխանություններին:
Մի քանի օր առաջ` խոսելով առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հնարավորության մասին, Լ. Զուրաբյանն ասել էր, որ առաջին նախագահը ներկայումս գնահատում է «և՛ ներքաղաքական առումով հարաբերությունները, և՛ արտաքին քաղաքական առումով մեր հարաբերությունները»: Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը, թերևս, տեղի է ունեցել հենց այդ համատեքստում:
Այլ կերպ ասած, ամենայն հավանականությամբ, Լ. Զուրաբյանը դեսպանից փորձել է ճշտել, թե ինչպես կվերաբերվի Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրմանը, և ինչ հնարավոր աջակցություն կարող է ակնկալել ՀԱԿ-ը: Իսկ եթե հանդիպման նպատակը դա է եղել, հազիվ թե Լ. Զուրաբյանն այդ առիթն օգտագործեր Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարող դեսպանի հայտարարություններին հակադարձելու համար: Ավելին` նա կարող էր նաև դեսպանին հավաստիացնել, որ համապատասխան աջակցության դեպքում՝ ՀԱԿ-ը ավելի հեշտությամբ կլուծի Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեցող այն հարցերը (օրինակ` նույն Եվրասիական միությանն անդամակցությունը), որոնց համար Հայաստանում ներկայումս որոշակի խոչընդոտներ են ստեղծվում:
Ի դեպ, ուշագրավ է, որ Վ. Կովալենկոյի հետ հանդիպման մասին պատմող ՀԱԿ-ի հաղորդագրությունում նշված է, որ նա հանդիպել է ոչ թե՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, այլ «ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ»: Դա երևի արվել է, որպեսզի Կոնգրեսի շարքերին ներկայացվի՝ որպես «Ռուսաստանից դաբրո ստանալու» վկայություն: