Բաժիններ՝

Հացահատիկի բերքը սակավ է

Այս տարվա հացահատիկի բերքի սակավությունը, ըստ  խորհրդատուների, կապված էր ոչ թե Ռուսաստանի Ստավրապոլի երկրամասից ներկրված ցորենի սերմի ցածրորակ լինելու հետ, այլ ցանքաշրջանառության բացակայության, որոշ դեպքերում՝ ցանքի ժամկետների խախտման և, իհարկե, գարնան  եղանակային  պայմանների կտրուկ փոփոխությունների:

Օրերս Արագածոտնի՝ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ այս եզրահանգմանն են եկել տարածաշրջանի խորհրդատուները:

Թալինի տարածաշրջանի խորհրդատու Սոս Հարոյանը խորհրդակցության ընթացքում  օրինակներ է բերել, որ նույն ցորենի սորտը մի քանի ֆերմերների մոտ գերազանց արդյունք է ապահովել, քանի որ նրանք պատշաճորեն են կատարել ագրոտեխնիկական միջոցառումները: Արագածի տարածաշրջանի խորհրդատու Արամ Ղազարյանը նույնպես այդ կարծիքին էր: Նրա խոսքով` համայնքի այն  ֆերմերը, ով ժամանակին է կատարել  բոլոր ագրոտեխնիկական միջոցառումները, ստացել է բավականին բարձր բերք` ի տարբերություն ագրոտեխնիկա  չկիրառած ֆերմերների:

Նշենք, որ թեպետ գարնան սկզբից հացահատիկի բերքի վատ լինելու մասին խոսակցություններ էին շրջանառվում, Գյուղնախարարությունը պնդում էր, որ ավելացված ցանքատարածությունների շնորհիվ՝ հացահատիկի բերքի պակաս չի լինի:

Թե հատկապես որտեղ և ինչ քանակությամբ ցանքատարածություններ էին ավելացվել՝ հայտնի չէ: Փոխարենն ակնհայտ է, որ հացահատիկի բերքի սակավություն, այնուամենայնիվ, կա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս