
Ձայնասկավառակների կեղծարարները կործանեցին «Armenian Music Centre»-ը

«Ձայնասկավառակներ կեղծողների շնորհիվ մեր կազմակերպությունն արդեն կործանվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիան Մյուզիք Սենթերի» տնօրեն Սամվել Ամիրաղյանը:
«Մեր կազմակերպության հիմնական նպատակն է ձայնասկավառակների թողարկումը, մրցույթներին մասնակցությունը, երգիչ-երգչուհիների հեղինակային իրավունքների պաշտպանությունը, սակայն այսօր այդ ամենը չկա»,- ասաց Ս.Ամիրաղյանը, ով ղեկավարում է ձայնասկավառակների թողարկմամբ զբաղվող «Armenian Music Centre» ընկերությունը:
Ս. Ամիրաղյանի խոսքով, իրենց կազմակերպությունն իր գործունեության ընթացքում որևէ բան չի կեղծել, հակառակը՝ փորձել է պաշտպանել ու պահպանել ստեղծվածը, սակայն դա իրենց մոտ այդքան էլ չստացվեց:
«Մեր ընկերությունը տասը տարուց ավելի` շատ ակտիվ պայքարել է ձայնասկավառակների կեղծարարների դեմ, փորձել խոչընդոտել նրանց արտադրությանը: Ես ձեզ անկեղծ կասեմ՝ մենք ոչ թե հոգնել ենք պայքարելուց, այլ եկել-հասել է նրան, որ ձայնասկավառակների արտադրությունը՝ որպես օրինական բիզնես, պարզապես վերացավ ու շատ մոտ ժամանակներս, որպես գործարարության տեսակ, Հայաստանում պարզապես կվերանա»,- ասաց Ս.Ամիրաղյանը: