Բաքվում ցրել են ԱՄՆ դեսպանատան մոտ նախապատրաստվող ցույցը
ՄԻ խումբ մահմեդականներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան առջև՝ կապված ԱՄՆ-ում Մուհամեդ մարգարեին վիրավորող ֆիլմի նկարահանման հետ, որը ոտքի է հանել համայն աշխարհի մահմեդականներին: Սակայն ադրբեջանական ոստիկանությունը ցրել է ակցիայի մասնակիցներին: Ակցիան կանխելու համար ԱՄՆ-ի դեսպանատան մոտ են բերվել Ադրբեջանի ՆԳՆ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումներ:
Երեկվանից սկսած՝ մինչ այսօր Facebook սոցցանցով Ադրբեջանի մահմեդականներին կոչ էր արվում հավաքվել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ՝ բողոքի ակցիա անցկացնելու նպատակով: Այդ կոչում մասնավորապես ասվում էր. «Ադրբեջանի հարգարժան մահմեդականներ, Ձեզ հրավիրում ենք սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15.00-ին, հավաքվել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ՝ բողոքի ակցիա անցկացնելու համար Ամերիկայի և Իսրայելի կողմից Մուհամեդ մարգարեին վիրավորող ֆիլմի նկարահանման ու տարածման համար»: