
Սիրիայում վարձկան զինյալների թիվը աճել է. ՄԱԿ-ի հանձնաժողով

Սիրիայում աճում է «արտասահմանցի տարրերի» ներկայությունը, այդ թվում նաև ջիհադիստների, տեղեկացնում է BBC-ն` վկայակոչելով Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անկախ հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրոյին:
Ըստ մարդու իրավունքների ոլորտի բրազիլացի մասնագետ Պինեյրոյի տվյալների՝ այդ «տարրերից» մի քանիսը միանում են հակակառավարական զինված խմբերին, մյուսները՝ գործում ինքնուրույն:
Հանձնաժողովը կազմել է նաև Սիրիայում ենթադրյալ ռազմական հանցագործների թարմացված ցուցակը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել Սիրիայում հանցագործությունների հետաքննությունը փոխանցել Միջազգային քրեական դատարանին:
Սիրիական իշխանությունները կարծում են, որ 2011թ. մարտին սկսված հակակառավարական ապստամբություններն արտասահմանյան դավադրության արդյունք է, ինչպես նաև մեղադրում են Պարսից ծոցի որոշ երկրների:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անկախ հանձնաժողովը կազմավորվել է 2011թ. օգոստոսին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից: