Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններից Ադրբեջանի փոխարեն մտահոգվում է Թուրքիան
Երևանը հյուրընկալել է նախկին Խորհրդային Միության տարածքից 2 000 զինվորների՝ զորավարժությունների շրջանակներում, որոնք կարծես թե կմեծացնեն արդեն իսկ առկա լարվածությունը տարածաշրջանում, գրում է թուրքական Hurriyet-ը՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժություններին:
Թերթը մեջբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքն այն մասին, որ ՀԱՊԿ զորավարժություններն աննախադեպ են Հայաստանի զինված ուժերի պատմության մեջ և գրում է, որ «զանգվածային զորավարժություններին» մասնակցում են զինվորներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից և Տաջիկստանից:
Hurriyet-ի կարծիքով՝ այս միջոցառումը կարող է լրացուցիչ սրել Երևան-Բաքու հարաբերությունները, մանավանդ, որ ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Բաքուն բարելավել է իր հարաբերությունները Եվրոպայի հետ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը վերջերս գովել է այդ երկիրը, իսկ նախագահ Ալիևը Փարիզ է մեկնում»: Ի դեպ, Փարիզում Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման հիմնական քննարկման թեման է լինելու Ղարաբաղի հարցը:
Սեպտեմբերի 15-ին մեկնարկած ՀԱՊԿ զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 19-ը: