
Հյուսիսային պողոտան նոր տեսք կստանա. Երևանի գլխավոր ճարտարապետ

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Հյուսիսային պողոտայում լայնամասշտաբ ծրագրեր կիրականացվեն։
Ըստ նրա, նախագիծն արդեն վերջանական տեսքի է բերվել և եթե հասցնեն, ապա աշխատանքները կսկսեն հոկտեմբերին, հակառակ դեպքում՝ գարնանը և շատ արագ էլ կավարտեն դրանք՝ երեք ամսում:
Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը նկատել է, որ քաղաքապետարանին չի հուզում, թե Հյուսիսային պողոտայի շենքերը բնակեցված են, թե ոչ։ Փոխարենը հետաքրքրում է այս տարածքի վերջնական տեսքը:
«Բնակիչները կապրեն, թե ոչ, դա չի խնդիրը, այլ որ այստեղ հոկտեմբերից լայնամասշտաբ ծրագրեր կսկսենք: Հյուսիսային պողոտայի բոլոր վերգետնյա ծածկույթը կփոխենք, բետոնե ծածկույթը փոխարինելու ենք քարե սալիկներով: Կփոխենք նաև լուսավորությունը, կանաչ գոտիները երեք անգամ կավելանան, շենքերի գեղարվեստական լուսավորությունը կիրականացնենք և Հյուսիսային պողոտայի վերջնական տեսքը կստանանք»,- ասել է նա: