ԱՄՆ իշխանությունները նախազգուշացված են եղել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների մասին
ԱՄՆ իշխանությունները նախազգուշացված են եղել մահմեդական երկրներում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների մասին, սակայն անվտանգության լրացուցիչ միջոցներ չեն ձեռնարկել: Այս մասին հաղորդում է բրիտանական The Independent թերթ՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակների աղբյուրին:
Պարբերականի զրուցակիցների տվյալներով՝ պետդեպը նախազգուշացված է եղել նախապատրաստվող հարձակումների մասին Բենղազիի և Կահիրեի իրադարձություններից առնվազն 48 ժամ առաջ: Չնայած դրան՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը դիվանագիտական ներկայացուցչություններին չի հայտնել սպառնալիքի մասին, և որպես արդյունք, անվտանգության միջոցառումներ չեն ձեռնարկվել:
Սեպտեմբերի 11-ին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում մի քանի հակաամերիկյան ակցիաներ տեղի ունեցան՝ կապված ամերիկյան արտադրության հակաիսլամական ֆիլմի ցուցադրման հետ:
ԱՄՆ իշխանությունները հակված են կարծել, որ հարձակումը տարերային չի եղել, այլ վաղօրոք մշակված: Չի բացառվում, որ դրանց ետևում կանգնած է «Ալ-Քաիդա»-ն:
Թերթը գրում է, որ Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումից հետո շենքից գաղտնի փաստաթղթեր են կորել: Դրանց թվում է այն լիբիացիների ցուցակը, որոնք համագործակցում են ամերիկացիների հետ: Պետդեպը մտավախություն ունի, որ այժմ Լիբիայի այդ բնակիչները կարող են դառնալ ծայրահեղական խմբավորումների զոհ: Կորած փաստաթղթերի թվում են լիբիական նավթի մատակարարումների պայմանագրերը:
Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումից հետո նրա բոլոր աշխատակիցները տեղափոխվել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի, իսկ դիվանագիտական ներկայացուցչության մի մասը տուն է ուղարկվել: