
ՀԱԿ-ը դեռ որոշում չունի

Այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` անդրադառնալով Գյումրիում և թիվ 1 ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածուների հավանական առաջադրման մասին հարցին, ասաց, թե «քանի որ մինչև ամսի 21-ը հստակ չէ այդ տարածքների բաց լինելը, հստակ չէ, թե որ քաղաքական ուժերն ինչպիսի ակնկալիք և ինչպիսի հավակնություն ունեն այդ ընտրատարածքներում, ես ստույգ չեմ կարող ասել` ՀԱԿ-ը կունենա՞ թեկնածուներ, թե՞ ոչ»:
«Չկա որևէ որոշակիություն կամ հստակ դիրքորոշում, որ արտահայտենք: Ոչ թե գիտեմ` չեմ ասում, այլ իսկապես չկա որոշում: Կարծում եմ՝ դա կլինի ամսի 21-ի նիստից հետո, երբ գոնե հստակ կլինի՝ «Ժառանգության» ցուցակով եկողն ո՞վ է»,- ասաց նա:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչո՞ւ է ՀԱԿ-ն իր որոշումը պայմանավորում «Ժառանգության» հետ, Ա. Մանուկյանը այսպես արձագանքեց. «Ես նման բան չասացի: Առայժմ ՀԱԿ-ը թիվ 1 ընտրատարածքի հետ կապված և Գյումրիի ընտրատարածքի հետ կապված որևէ քննարկում չի արել, որևէ առաջարկություն դեռևս չկա: Հայ ազգային կոնգրեսը դեռ չի քննարկել սեփական թեկնածուներով հանդես գալու հարցը»: