«Փուչիկների» գործով դատը հետաձգվել է
Երևանի Հանրապետության հրապարակում նախընտրական հանդիպան ժամանակ գազալիցքավորված փուչիկների բոցավառման հետևանքով շուրջ 200 անձանց վնասնածքներ պատճառելու գործով այսօրվա նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 28-ը: Մինչ այդ գործով միակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի շահերը պաշտպանելու համար կհրավիրվի հանրային պաշտպան: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ամբաստանյալը հայտարարել է, որ նյութական միջոցներ չունի պաշտպան հրավիրելու համար: Նա միաժամանակ հայտարարել է, որ մտադիր է միջնորդել գործի քննությունը արագացված դատաքննության կարգով անցկացնելու համար:
Ամբաստանյալը նախաքննության ընթացքում չէր ցանկացել պաշտպան ունենալ,սակայն արագացված դատաքննության կարգով քննություն նշանակելու դեպքում պաշտպանի առկայությունը իմպերատիվ պահանջ է:
Արագացված դատաքննության համար անհրաժեշտ է նաև, որպեսզի տուժողները հայտնեն իրենց համաձայնությունը: Ուստի 155 տուժողներից ներկա 43 տուժողներին ասվեց, որ հաջորդ դատական նիստին չներկայանալու դեպքում պետք է դատարանին ներկայացնեն իրենց դիրքորոշումը հարցի առնչությամբ:
Դատարանի ճշտող հարցերից պարզ է դարձել, որ ամբաստանյալն ունի 2 անչափահաս երեխա, տառապում է 6 խոցից և 2 ճողվածքից, իր և ընտանիքի հոգսերը հոգում էր պատահական աշխատանքների միջոցով: