Նալբանդյանը հանդիպել է Կիպրոսի նախագահին
Երեկ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Եվրոպական միությունում նախագահող Կիպրոս:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից 168.am-ին տեղեկացնում են, որ Նիկոսիայում, ժամանումից անմիջապես հետո, Նալբանդյանին ընդունել է Կիպրոսի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ շփումների ինտենսիվությամբ, երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել, եւ առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ – կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության բարձր մակարդակով:
Խրիստոֆիասը հանգամանալից ներկայացրել է կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի կառուցողական մոտեցումը եւ նախաձեռնությունները՝ ուղղված կիպրական հիմնախնդրի լուծմանը, եւ ափսոսում է, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ նախաձեռնություններին: Այս համատեքստում նախարարը կարեւորել է անցած տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Նիկոսիա պետական այցելության շրջանակներում ընդունված համատեղ հռչակագիրը, որտեղ ամրագված է փոխադարձ աջակցությունը կիպրական եւ ղարաբաղյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին:
Խրիստոֆիասը տեղեկացրել է նաեւ եվրագոտու ճգնաժամի հետեւանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերի մասին:
ԵՄ-ում Կիպրոսի նախագահության համատեքստում անդրադարձ է արվել Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի բանակցություններին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կիպրոսի ղեկավարին է ներկայացրել հունգարա – ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը՝ այդ առումով բարձր գնահատելով միջազգային հանրության միահամուռ եւ միանշանակ արձագանքը:
Կիպրոսի նախագահը խնդրել է իր ողջույնները, ինչպես նաեւ Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ շնորհավորանքները փոխանցել եղբայրական Հայաստանի նախագահին եւ ժողովրդին:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Նիկոսիայի Hilton Park հյուրանոցում մասնակցել է Հայաստանի անկախության 21-ամյակի եւ Հայաստանի ու Կիպրոսի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը, որին ներկա էին Կիպրոսի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը, խորհրդարանի ղեկավար Յիանակիս Օմիրուն, արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը, Կիպրոսի կառավարության եւ խորհրդարանի անդամներ, Նիկոսիայում հավատարմագրված դեսպաններ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:
Ընդունելությանը ելույթ են ունեցել Հայաստանի արտգործնախարարը եւ Կիպրոսի նախագահը։