Դրական մեկնարկ երկրորդ փուլի համար կամ՝ դեպի պատժամիջոց

Եվրոպական խորհրդարանի սաֆարովյան բանաձևը նուրբ ձևակերպումներով հաստատում է, որ Բաքուն ոչ միայն խաբեություն է գործի դրել, այլ նաև խախտել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռները:

 

Վեց կետերից բաղկացած այս բանաձևի յուրաքանչյուր կետի մեկնաբանությունը այլ եզրակացության չի հանգեցնում։ Հետևենք բանաձևի կետերին և փորձենք կենտրոնանալ յուրաքանչյուր կետի վրա.

 

Եվրոպական խորհրդարանը`

 

1) Ափսոսանք է հայտնում մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ շուքով ընդունելու, ինչպես նաև նրան մայորի կոչում շնորհելու և ժամանելուն պես նրան՝ իր 8 տարվա աշխատավարձի չափով գումար շնորհելու առնչությամբ:

 

Բանաձևի առաջին կետով եվրոպական խորհրդարանը հաստատում է, որ ներում-հերոսացման այն արարքը, որին դիմել էր նախագահ Ալիևը դատապարտելի է Եվրախորհրդրանի կողմից: Թեև այստեղ օգտագործված եզրույթը «ափսոսանք» է, այսուհանդերձ դատապարտման ուղերձը հստակ է:

 

2) Քաջալերում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել հաշտեցման գործընթացը:

 

Առաջին հայացքից բաղձանքի սահմաններում թվացող այս բանաձևը տպավորություն է թողնում առաջին համեմատաբար խիստ կետից հետո հավասարակշռել մոտեցումը, համահավասար պատասխանատվության դասական մոտեցումը կիրառելով: Մեկնաբանական դիտարկումը սակայն մտածել է տալիս, որ հաշտեցման գործընթացի վերաձեռնարկման կոչ կատարող այս բանաձևը խորքում անուղղակիորեն հաստատում է, որ հաշտեցման գործընթացը խախտված է չասելու համար՝  կասեցված: Իսկ նման իրավիճակի գոյառման պատճառը այս դեպքում առաջին կետով արտահայտված է. հասցեն հստակ է, որի նկատմամբ ափսոսանք է հայտնվել իբրև մուտք ընդհանուր բանաձևին:

 

3) Հիշեցնում է, որ Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ Ադրբեջանի հետ ներկայում բանակցություններ են ընթանում, ընդգրկում է մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դրույթներ ու չափորոշիչներ, որոնց պետք է հետևել:

 

Համահավասարեցման մոտեցումը անմիջապես կտրուկ շրջադարձ է կատարել երրորդ կետով: Հիշեցումը ուղղված է Ադրբեջանին, մարդասպանին հերոսացնող կողմին, որին դարձյալ կոչ է արվում հետևելու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող համաձայնագրին:

 

4) Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ջանքեր գործադրել՝ բարեփոխելու դատական ողջ համակարգը, մասնավորապես. դատական կարգով հետապնդման, դատավարության, դատապարտման, ազատազրկման ու բողոքարկման գործընթացները:

 

Այս բոլորում Եվրախորհրդարանը ճիշտ է նկատել և ընդգծել Ադրբեջանի իրավական համակարգի խոցելիությունը: Այստեղ հստակ պատասխան կա նախագահ Ալիևին, որն Ադրբեջանի սահմանադրականությանը հարիր էր փորձում ներկայացնել ներում-հերոսացման գործը: Այս բանաձևով իրավական համակարգի անորոշությունն է հաստատվում և մանավանդ ոչ հիմնավոր և ոչ իրավական  է նկատվում մարդասպանին ազատ արձակելու Բաքվի պատճառաբանությունը:

 

5) Կոչ է անում Ադրբեջանին՝ ենթարկվել այս երկրի մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռներին:

 

Այս ընդհանրացումը` «բոլո՛ր վճիռներին» խիստ շեշտադրումներ  է պարունակում իր մեջ: Պարզ ասած, Բաքուն խախտել է Եվրոպական դատարանի կայացրած մարդու իրավունքների բոլոր վճիռները: Սաֆարովի ներկա կարգավիճակը չի համապատասխանում մարդու իրավունքներին վերաբերող Եվրոպական դատարանի որևէ վճռին: Այսքան պարզ:

 

6) Հանձնարարում է Եվրախորհրդարանի նախագահին, որպեսզի վերջինս այս բանաձևը փոխանցի Եվրոպայի խորհրդին, Հանձնաժողովին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Ադրբեջանի և ԵՄ անդամ պետությունների կառավարություններին և խորհրդարաններին:

 

Ուրեմն, պետք է տարածել այս բանաձևը Ադրբեջանին, և այն բոլոր կառույցներին, որոնց նկատմամբ Բաքուն իրականացնում է համարկման քաղաքականություն և այն բոլոր խորհրդարաններին, որոնց կազմած համագումարներին և խորհուրդներին մաս է կազմում Ադրբեջանը։

 

Ճիշտ է պարտադիր բնույթ չունի այս բանաձևը, որ «կոչերով» հագեցած է և թելադրանքներ ու հիշեցումներ է կատարում։ Այսուհանդերձ հստակ է ամբաստանությունը, ամբաստանված կողմը, մարդու իրավունքները չհարգողը:

 

Բանաձևի նախաբան-հիմնավորման բաժնում  Եվրախորհրդարանը հաստատում է.

 

Եվրոպական խորհրդարանը համարում է, որ նախագահի կողմից նման կարճ ժամկետներում ներում շնորհելը հարցականի տակ է դնում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու խնդրագրի դրդապատճառները, որոնք չեն համապատասպանում օգոստոսի 15-ին Հունգարիային ուղղված՝ Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի նամակի բովանդակությանը:

 

Այս հաստատումը շատ պարզ ու հստակ ձևով հաստատում է, թե Ալիևը ստել է:

 

Քարոզչաքաղաքական փուլից հետո իրավաքաղաքական հարթության վրա այս բանաձևը, հայկական կողմի համար հստակ առավելություններ է պարունակում: Այս երկրորդ և կարևոր փուլի համար դրական մեկնարկ կարելի է համարել այս բանաձևի որդեգրումը: Գուցե՝ Ադրբեջանի համար պատժամիջոցներ ապահովելու համար Հղում կատարելու մի փաստաթղթի ամրագրումը։

 

 

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

 

Տեսանյութեր

Լրահոս