Հայաստանի կառավարությունը փորձում է պարզել Հալեպում հայերի վրա կրակողների ով լինելը

Հայաստանի Կառավարությունը ներկայում փորձում է պարզել, թե ովքեր են եղել օրեր առաջ Հալեպի օդակայանի մոտակայքում հայերի տեղափոխող ավտոմեքենայի վրա կրակ բացողները, այս մասին, ըստ Tert.am-, ասել է Սիրիայում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը։
Նա նաև նշել է, թե իրականությանը չեն համապատասխանում լուրերը, որ Սիրիայի Հալեպ քաղաքի հայաշատ Նոր Գյուղ թաղամասի բնակչությունը երեկ տարհանվել է:
«Ոչ, նման բան չկա, ու ապստամբները հայկական թաղամաս չեն մտել, գլխավոր փողոց չեն մտել: Գոնե ես՝ այդպիսի տեղեկություն չունեմ: Կես ժամը մեկ ես կապի մեջ եմ»,- ասել է Լևոն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր, թե Սիրիայի կառավարությունը կոչ է արել Հալեպի հայաշատ Նոր Գյուղ (Միդան) թաղամասի բնակիչներին լքել բնակարանները՝ ազատ բանակի զինյալներին հարված հասցնելու նպատակով, և երեկվանից հայկական թաղամասերում ռազմական ծանր տեխնիկա է շրջում:
Նշենք, որ օրեր առաջ Երևան-Սիրիա թռիչքով Հալեպի օդանավակայանից տուն վերադարձող մեր հայրենակիցների դեմ իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էին 4, վիրավորվել 10 հայեր:
Հարցին, թե կիսո՞ւմ է այն տեսակետը, որ հայերի սպանությունները Սիրիայում սկսել են կրել կրոնական, էթնիկ բնույթ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը պատասխանել է. «Այդպիսի բան չկա: Պատմությունը ցույց է տվել, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ որոշակի խմբավորումներ են լինում, որոնք հանդես են գալիս երկու կողմերի անվան տակ ու որոշակի բաներ են անում»։
«Երեք օր առաջ տեղի ունեցած դեպքը մենք դեռ ճշտում ենք, համենայնդեպս, մեզ խոստացել են, որ մի քանի օրվա ընթացքում կհայտարարեն, թե այդ գործողություններն ովքե՞ր են իրականացրել»,- ավելացրել է Լևոն Սարգսյանը:
Ի պատասխան հարցին, թե այդ տեղեկությունները ո՞ր շրջանակներից են գալիս, դեսպան Սարգսյանն ասել է. «Բոլորի հետ էլ կապվում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս