
Մոլդովան հանուն ռուսական գազի զեղչերի չի հրաժարվի ԵՄ-ի հետ էներգետիկ համաձայնագրերից

Մոլդովան չի հրաժարվի ԵՄ-ի հետ էներգետիկ ոլորտում ձեռք բերված համաձայնագրերի ներդրումից` հանուն Ռուսաստանի խոստացած գազի մատակարարման զեղչերի: Այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Մարիան Լուպուն: Նա ընդգծել է, որ եթե հանրապետությունը հրաժարվի այդ ծրագրերից, ապա ոչ թե մեկ, այլ միանգամից 10 քայլով հետ կգնա եվրոպական ինտեգրացման ճանապարհից: Այս մասին գրում է RBK-ն:
Նա նշել է, որ ԵՄ-ի հետ էներգետիկ համաձայնագրերից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող: Նրա խոսքով` մոտ ժամանակներս իշխող դաշինքի առաջնորդները կքննարկեն իրավիճակը, որը բարդացել է Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության և գազի մատկարարման նոր պայմաններով միջկառավարական համաձայնագրի ստորագրման բանակցությունների ճանապարհին:
Սեպտեմբերի 12-ին ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իջեցնել Մոլդովա մատակարարվող գազի գինը, եթե վերջինս չեղյալ հայտարարի ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիրը՝ այդ կերպ կարգավորելով նաև Ռուսաստանի հետ ունեցած 4,1 մլրդ դոլարի պարտքը: