
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը գնահատական է տվել Սիրիայի ճգնաժամին

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին երեկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս ժամանելուց հետո ասել է, որ Սիրիայում «մեծ ճգնաժամ է», և դա «սրվում է», հայտնում է Xinhua լրատվականը:
«Կարծում եմ՝ ոչ ոք դեմ չէր լինի բռնությունները դադարեցնելու և մեկ երկրի զավակների միջև ներդաշնակության վերականգնման անհրաժեշտությանը: Հուսով եմ՝ մենք կարող ենք դա անել», – ասել է Բրահիմին:
Միջնորդական առաքելությամբ Սիրիա ժամանած Բրահիմին կհանդիպի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահ Բաշար ալ-Ասադին և արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմին: Այցը կտևի 3 օր:
Քոֆի Անանից հետո Սիրիայի խնդրի դիվանագիտական լուծման առաքելությունը ստանձնած Բրահիմին հայտարարել էր, որ կծառայի միմիայն սիրիացի ժողովրդին և Սիրիայի ժողովրդից բացի ուրիշ տեր չի ունենա: