ՀԱԿ-ը կպաշտպանի՞ ԲՀԿ-ին վտանգներից

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը կպաշտպանի ԲՀԿ թեկնածուին: Ըստ նրա` դրա պատճառն այն է, որ ՀԱԿ-ը դեռևս չի հայտարարել ԲՀԿ-ի հետ իր խզված հարաբերությունների մասին: Մինչդեռ, Ս. Սաֆարյանի համոզմամբ` ԲՀԿ-ն չի սատարի ՀԱԿ-ին:

Նա նաև այն կարծիքին է, որ ԲՀԿ-ն դեռևս վերջնական որոշում չի կայացրել գալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևի վերաբերյալ, որի պատճառներից մեկն, ըստ նրա` իրավիճակի բարդությունն է, որում հայտնվել է կուսակցությունը` «երկրորդ և երրորդ նախագահների շահերի իրավիճակային տարբերության պատճառով»:

«Այս իմաստով դժվար է մանևրել, լարվածության աճ կա երկու թևերի միջև: Կա խնդիր` թույլ չտալ, որ կոնֆլիկտ տեղի ունենա իշխանության և ընդդիմության միջև: Այս իմաստով` Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի հրապարակումը և Քոչարյանի գրասենյակի արձագանքը թույլ են տալիս ասելու, որ միջնորդավորված պատերազմ է, բայց ակնհայտ է, որ ԲՀԿ-ի վիճակն ավելի բարդ է»,- հայտարարել էր «Ժառանգության» քարտուղարը:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին խնդրեցինք մեկնաբանել Ս. Սաֆարյանի վերոնշյալ հայտարարությունները»: Լսելով մեր հարցադրման` «ՀԱԿ-ը կպաշտպանի ԲՀԿ-ին…» արտահայտությունը, նախ հարցրեց` «Կպաշտպանի ի՞նչ վտանգներից», իսկ երբ ասացինք, որ խոսքը նախագահական ընտրությունների մասին է, նա պատասխանեց.

«Հա~, խոսքը նախագահականի՞ մասին է: Ինչու նախագահականի հետ կապված բոլորը չգիտե՞ն, որ մենք խոսելու ենք միայն այն ճիշտ պահին, որը կհամարենք նպատակահարմար: Ընդ որում` ես վերջերս անընդմեջ ավելացնում եմ, որ մենք լռում ենք ոչ թե այն պատճառով, որ չունենք որոշում կամ ունենք որոշում, ոչ թե այն պատճառով, որ քննարկում ենք կամ չենք քննարկում, այլ չենք խոսում` ելնելով ռազմավարական և մարտավարական նկատառումներից»:


Տեսանյութեր

Լրահոս