Եվրախորհրդարանը Սաֆարովի ազատման կապակցությամբ 9 կետանոց փաստաթուղթ է հրապարակել
Եվրոպական խորհրդարանի պլենար նիստում այսօր հրապարակվել է Ադրբեջանին արտահանձնված ու վերջինիս իշխանությունների կողմից ներման արժանացած մարդասպան Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձևի տեքստը:
Ինչպես հայտնում է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքը, բանաձևի տեքստում Եվրոպական խորհրդարանը.
1. Հայտարարում է, որ Սաֆարովի համաներումն ու նրան մայորի կոչում շնորհելը մեծ հարված է հասցնում արդարադատության և իրավունքի գերակայության հանդեպ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին
2. Սաֆարովի հերոսացումը հակասում է մարդու արժանապատվության և արդարադատության սկզբունքներին
3. Գտնում է, որ համաներումը, համահունչ լինելով Դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիայի տառին, հակասում է նրա ոգուն` արժեզրկելով այս կապակցությամբ արված հունգարական կառավարության հավաստիացումները
4. Ընդունում է, որ Կոնվենցիայի առանցքում ընկած են բոլոր այն պետությունները, որոնք պարտավորություն են ստանձնել հարգանք դրսևորել ադարադատության հաստատման և իրավունքի գերակայության սկզբունքի հանդեպ
5. Կարևոր է համարում, որ հունգարական իշխանությունները հիմնավորեն իրենց գործողությունների արժանահավատությունը` Ադրբեջանի հանդեպ ձեռնարկելով իրավական քայլեր
6. Կոչ է անում հունգարական իշխանություններին պաշտոնապես տեղեկանալ Կոնվենցիայի 15(c) հոդվածի իրականացման վերաբերյալ և, համաձայն 23-րդ հոդվածի, այս մասին ծանուցել Հանցագործություններով զբաղվող եվրոպական հանձնաժողովին
7. Կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում իրավիճակի սրացումը կանխելու համար
8. Կոչ է անում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կանխելուն ուղղված ջանքերը և գտնել երկխոսության ճանապարհ հակամարտող կողմերի միջև
9. Հանձնարարում է [Եվրախորհրդարանի] նախագահին սույն բանաձևը փոխանցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Եվրոպայի խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, ՀՀ և Ադրբեջանի կառավարություններին և խորհրդարաններին, ԵԽ գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին:
Քննարկումից հետո կկայանա քվեարկություն: