«Ողջ «կուժն ու կուլան» կոտրում են օրաթերթի գլխին»
«Ժողովուրդ» օրաթերթը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես նշված է.
«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահությամբ դատավորներ Կարինե Հակոբյանի, Տիգրան Սահակյանի, ԳոհարՄատինյանի),
սեպտեմբերի 6-ին կայացրած վճռով ուժի մեջ է թողել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանիվճիռը՝ մերժելով՝ «Ժողովուրդ» օրաթերթի բողոքը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը 2011թ. հոկտեմբերի 7-ի համարում տպագրել էր հոդված` մեջբերելով Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերը, որ Գեղարքունիքի արդեն նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել նույն գյուղի դպրոցում պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթում մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Ընդ որում, «Ժողովուրդ»-ը նույն հոդվածում հրապարակել էր նաեւ մարզպետի կարծիքը` իրեն հասցեագրված մեղադրանքների առնչությամբ:
Սակայն Պողոսյանն իր կուսակցապետի մոտ վստահություն ձեռք բերելու համար, հայց ներկայացրեց դատարանª պահանջելով հերքել իր «պատիվն ու արժանապատվությունն արատավորող» տեղեկությունները: Ընդգծենք, որ մինչ այդ, Պողոսյանը հերքման տեքստ չէր ներկայացրել խմբագրություն, փոխարենը իր «պատիվն արատավորելու» համար «Ժողովուրդ»-ից պահանջում էր 2,5 մլն դրամ:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանն էլ «հալած յուղի տեղ ընդունելով» մարզպետի հավաստիացումները, թե ինքը հանրային դեմք է եւ թերթն իրավունք չունի իր մասին որեւէ բան գրել, վճռեց «Ժողովուրդ»-ին տուգանել 200 հազար դրամով (100 հազարը փաստաբանական ծախսերի, 100 հազարըª Պողոսյանի արժանապատվության համար): Իսկ Վերքաննիչ քաղաքացիական դատարանն էլ անփոփոխ է թողել Թամրազյանի կայացրած վճիռը:
Նկատենք, որ ապօրիի գործարքների հետ նույնացվող դատարանները վճիռ կայացնելիս առաջ հաշվի չեն առել իրողությունը, որ «Ժողովուրդ»-ը նյութը տպագրել է` պահպանելով օրենքի եւ էթիկայի բոլոր նորմերըª նշելով ինֆորմացիայի աղբյուրը: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ թերթը, նախքան տեղեկությունները հրապարակելը, պարտավոր էր ստուգել դրանց արժանահավատությունը: Անհասկանալի է, թե ինչպես պետք է դա աներ: Օպերատիվ գործողություննե՞ր աներ, փողը մշակեր, տար վարորդի՞ն ու միանգամից նկարե՞ր, որ դա դիտվեր որպես ապացույց: Չէ՞ որ թերթը նման լիազորություն չունի, բացի այդ էլ՞ լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, եթե բարեխղճորեն մեջբերել է ուրիշի ուղղակի խոսքը:
Ինչևէ, ստացվում է, որ քաղաքացին դժգոհել է մարզպետի գործունեությունից, հայտնել է իր ունեցած ինֆորմացիան` թերթի միջոցով, ոստիկանությունն էլ, որ պարտավոր էր պատժել կողմերից մեկին, անմիջապես անմեղ է համարել ինչպես Պողոսյանին, այնպես էլ Աննա Թորոսյանին՝ ողջ «կուժն ու կուլան» կոտրելով օրաթերթի գլխին: Ու այսպես էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարեփոխում է արդարադատության համակարգը»:
«Ժողովուրդ»-ը կբողոքարկի այս դատավճիռը»: