
ԲՀԿ-ն խորհրդակցություն կունենա Մասիսի ընտրությունների կապակցությամբ

Երեկ ավարտվեց Մասիս քաղաքի 9 տեղամասերում «Բարգավաճ Հայասատան» կուսակցության պահանջով սկսված ձայների վերահաշավարկը, որն ընդհանուր առմամբ` էական ազդեցություն չունեցավ քաղաքապետի ընտրությունների արդյունքի վրա: Ավելին` դրա արդյունքում վերահաշվարկ պահանջած ԲՀԿ-ի թեկնածու Կարապետ Օհանյանի ստացած քվեները պակասեցին 16-ով, իսկ հաղթած ՀՀԿ-ական թեկնածու Սաշա Հակոբյանի ձայները` 8-ով:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, 168.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով վերահահաշվարկի արդյունքները, նախ նշեց, որ չի տիրապետում մանրամասն ինֆորմացիայի` ԱԺ քառօրյայի պատճառով, ապա ավելացրեց. «Պետք է մասնակից թեկնածուի շտաբը և ԲՀԿ-ի մարզային կառույցը եզրակացություն տան, որպեսզի ես նոր դրա հիման վրա կարողանամ կարծիք հայտնել: Այսինքն` մենք դեռ չենք ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում տեղական կառույցը կամ թեկնածուի շտաբը կներկայացվեն հստակ փաստեր և դժգոհություններ, բայց դա չի չնշանակում, որ չենք ունենա»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Արարատի մարզի Մասիսի քաղաքապետի ընտրություններում հաղթել է նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը` ստանալով 5.248 ձայնով, Իսկ ԲՀԿ-ական մրցակից Կարապետ Օհանյանը ստացավ 4.698 ձայն, որից հետո ԲՀԿ-ական թեկնածուն պահանջեց ձայների վերահաշվարկ: