Ի պետս ավազակապետության

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո շատ էր հնչում այն հարցը, թե արդյո՞ք ճիշտ էր կեղծված ընտրությունների արդյունքում ընդդիմության կողմից իշխանության «նվիրած» մանդատները վերցնելը:

Ի պատասխան` ընդդիմադիրները, այդ թվում և մասնավորապես` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարում էին, որ պատգամավորական մանդատները վերցնելը ոչ միայն ճիշտ է, այլև դա ծառայելու է երկրում սահմանադրական կարգի վերականգնման, ամբողջական իշխանափոխության հասնելու գործին:

Այս շաբաթ մեկնարկեց հինգերորդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանը, որի ընթացքում քննարկվում է Վերահսկիչ պալատի 2011 թվականի հաշվետվությունը: Այդ քննարկումների ժամանակ ընդդիմադիրներն ԱԺ-ի բարձր ամբիոնից անողոք քննադատության են ենթարկում կոռումպացված իշխանությանը, բացահայտում են իշխանության հակաազգային դեմքը, ծաղրում ու հեգնում են իշխանություններին:

Վերջիններս հեզաբար լսում են այդ քննադատությունները, գրեթե բոլոր լրատվամիջոցներով տարածվում են ընդդիմադիր պատգամավորների բոցաշունչ ելույթները… Բայց ի՞նչ է փոխվում դրանից: Ոչինչ: Քննարկումների ավարտին ԱԺ աշխատասենյակներում կերուխում անող իշխանական պատգամավորները մի քանի րոպեով կտրվելու են իրենց «օրինաստեղծ աշխատանքից», «կողմ» են քվեարկելու այդ հաշվետվությանը, և վերջ:

Բացառված չէ նաև, որ Դատախազությունն այդ հաշվետվության հիման վրա մի քանի ցուցադրական քրեական գործեր հարուցի, անգամ մի քանի պաշտոնյաներ ձերբակալվեն: Բայց դրանից համակարգը, որի դեմ պայքարի համար ընդդիմությունը գնացել է խորհրդարան, ոչ միայն չի թուլանալու, այլ ավելի է ամրապնդվելու, քանի որ նման քննարկումների շնորհիվ «խայտառակ կեղծիքներով» ընտրված խորհրդարանը ոչ միայն լեգիտիմանում է արտաքին աշխարհի աչքում, այլև կարող է հավակնել աշխարհի ամենաժողովրդավարական խորհրդարանի տիտղոսին:

Պատկերացրեք եվրոպացի որևէ պաշտոնյայի կամ քաղաքական գործչի, ով ուղիղ եթերով դիտում է մեր ԱԺ-ի նիստերը, կարդում է ընդդիմադիր պատգամավորների ելույթներն ու արձանագրում, որ նույնիսկ իր հարազատ երկրում չկա խոսքի այնպիսի ազատություն ու քաղաքական բազմակարծություն, որպիսին Հայաստանի խորհրդարանում:

Իշխանության համար միջազգային հանրության շրջանում նման տպավորություն ստեղծելը շատ ավելի թանկ է, քան մի քանի, անգամ` բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր կարող են «զոհաբերվել» ՎՊ-ի ամենամյա հաշվետվությունների ու նմանատիպ միջոցառումների համար:

Տեսանյութեր

Լրահոս