Կրկնակի վճարումներ` բյուջեից
Այսօր ԱԺ-ում շարունակվել է ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը: Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում առողջապահության ոլորտում պետական ծրագրերի ընտրանքային ստուգմամբ արձանագրվել են խախտումներ և թերություններ:
Ըստ հաշվետվության` «Առողջ և ներդաշնակ ընտանիք» հ/կ-ի կատարած աշխատանքների կատարողականը նախարարությունը մասնակի է ընդունել, սակայն վճարումը կատարվել է ամբողջությամբ: Արդյունքում նախատեսվածից ավելի վճարվել է 42,965 հազար դրամ:
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ը ազգային վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներն իրականացրել է սահմանված ծավալից պակաս և ուշացումնրով. արդյունքում նույնպես ստացել է նախատեսվածից ավելի վճարում:
«Պետական հիգիենիկ համաճարակային տեսչության տարածքային փորձագիտական կենտրոններում» չկատարված մասնագիտական որոշ աշխատանքների դիմաց կատարվել է վճարում:
Առողջապահական նյութերի պատրաստման և մամուլում տպագրման աշխատանքները կատարվել են մասնակի, սակայն դրանց դիմաց նույնպես վճարվել է ամբողջությամբ:
«Առողջապահություն հանդեսի խմբագրություն» ՓԲԸ-ն 2008թ. տպագրած գիտա-մեթոդական և հանրամատչելի հոդվածները ներկայացրել է որպես 2009թ. արդյունք, որի դիմաց ստացել է կրկնակի վճարում: