
Բոլոր միջոցները պետք է կիրառվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը չաճի. Հունգարիայի ԱԳՆ

Հայ սպա Գուգրեն Մարգարյանի մարդասպանի` Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը հունգարական կառավարության համատեղ որոշումն է եղել և բոլորը պատասխանատու են այդ քայլ համար: Այս մասին այսօր` սեպտեմբերի 13-ին հայտնել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Յանուշ Մարտոնին:
Նա նշել է, որ Հունգարիան իր կամքից անկախ ներքաշվել է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:
Մարտոնին կտրականապես հերքել է երկու կողմերի միջև գաղտնի պայմանավորվածության ենթադրությունները, հայտնում է politics.hu հունգարական կայքը: Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները հստակորեն վստահեցրել են, որ մարդասպանը կշարունակի պատիժը կրել հայրենիքում, և Հունգարիան հավատացել է այդ վստահեցումներին: Համագործակցությունն աշխատում է բարի կամքի հիման վրա, հայտնել է նա` ավելացնելով, որ ադրբեջանական կողմն իր խոսքի տերը չի եղել:
Սաֆարովի արտահանձնման հունգարական կառավարության որոշումը «ցավոտ» է եղել և «ոչ այդքան հեշտ», նշել է նա` նկատի ունենալով Հայաստանի և Հունգարիայում հայ համայնքի հետ լավ հարաբերությունները:
Մարտոնիի խոսքով, այժմ պետք է փորձել հանգստացնել արտահանձնման արդյունքում առաջացած հուզումները: Բոլոր միջոցները պետք է կիրառվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջեւ լարվածությունը ավելի չաճի: