«Հարսնաքարի» գործով դատախազին բացարկ է հայտնվել (լուսանկարներ)

Այսօր «Հարսնաքարի» գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի փաստաբանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Արթուր Դավթյանին: Ինչպես հայտնում է panorama.am-ը, փաստաբանը հայտարարել է, որ  «Հարսնաքարի» գործով նախաքննությունն իրականացվել է օրենքի կոպիտ խախտումներով, սակայն դատախազ Դավթյանը չի վերացրել դրանք:

Նրա խոսքով, օրենքի կոպիտ խախտում է եղել իր պաշտպանյալ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակից Նորայր Հայրապետյանին ձերբակալելը, այնուհետև` կալանավորելը:

Բացարկի միջնորդությանը միացել է ևս մեկ պաշտպան, մյուս երեք պաշտպանները բացարկ հայտնել-չհայտնելու որոշումը թողեցին դատարանի հայեցողությանը:

Տուժող կողմի ներկայացուցիչները, սակայն, հայտարարել են, թե դատախազին բացարկ հայտնելու համար հիմքեր չկան: Դատավոր Դավիթ Հարությունյանը գնացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Նշենք, որ այսօր մեկնարկել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մահացած Վահե Ավետյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:

Գործով մեղադրյալներ են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ծեծի հետևանքով Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել են «կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը», Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Տեսանյութեր

Լրահոս