Կառավարությունը 200.000 դոլար կհատկացնի Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի համար
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 200 հազար ԱՄՆ դոլար: Եվս 300 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Փյունիկ» հիմնադրամը. այս 500 հազար ԱՄՆ դոլարը կկազմի մրցանակի ընդհանուր գումարը: Մրցանակի հանձնման արարողության ծախսը փոխհատուցելու համար ևս 50 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Լույս» հիմնադրամը:
Նշենք, որ 2012թ. Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցույթի հաղթողներ են ճանաչվել երկու աստղագետներ` պրոֆեսորներ Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան): Այս տարի մրցույթը մասնակցության 12 հայտ է ստացել, որոնցից 3-ը Հայաստանից են եղել, մյուսները՝ Ավստրալիայից, Հնդկաստանից, Էստոնիայից և այլ երկրներից: Սա միջազգային մրցույթ է և հաղթողները միջազգային չափանիշերով են ընտրվում: Հայաստանից ներկայացված աշխատանքները, ինչպեսև անցյալ տարի, այս անգամ էլ բարձր գնահատականներ, ցավոք սրտի, չեն ստացել:
Տեղեկացնենք, որ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2012թ. սեպտեմբերի 18-ին: Մրցանակները հաղթողներին կհանձնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից՝ 2009թ., և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականներին, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար և տրվում է ամեն երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ.: Հիշեցնենք, որ 210թ. մրցանակին արժանացել էր հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆ. Միշել Մայորն ու իր գիտական խմբի երկու անդամները` մեր հայրենակից աստղագետ, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրաելյանը և Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Նունո Սանթոսը (Nuno C. Santos):