
Հալեպի հայկական թաղամասից տարհանումն արդեն սկսվել է

Սիրիայի կառավարությունը կոչ է արել Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի հայաշատ Նոր Գյուղ (Միդան) թաղամասին բնակիչներին լքել բնակարանները:
Ըստ Հալեպում Tert.am-ի աղբյուրների, Նոր գյուղի մզկիթի մոտակայքում են գտնվում Սիրիայի ազատ բանակի զինյալները, որոնց հարված հասցնելու նպատակով կառավարական զորքերը կոչ են արել ազատել թաղամասը:
Հայկական թաղամասերում երեկվանից ծանր տեխնիկա է շրջում, և անցնող գիշերը բավական լարված է եղել:
Դեռևս չի վնասազերծվել նաև դիպուկահարը, ով վերջին շրջանում վախի մթնոլորտում էր պահում թաղամասի բնակիչներին: Երեկ դիպուկահարի գնդակից նաև հայ երիտասարդ էր զոհվել, ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել երկու հայ կանանց վիրավորվելու մասին, սակայն այդ լուրերը չէին հաստատվել:
Հայկական թաղամասից տարհանումն արդեն սկսվել է: