Բարաք Օբաման քննադատել է նախագահի թեկնածու Ռոմնիի հայտարարությունները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատության է ենթարկել նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին՝ չմտածված արտաքին քաղաքական առաջարկի համար,- հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք. Եգիպտոսում և Լիբիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները Ռոմնին համարել էր «անընդունելի»: «Ես վրդովված եմ Լիբիայում և Եգիպտոսում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումներից և Բենղազիում հյուպատոսական բաժնի աշխատակցի մահից: Վրդովեցուցիչ է, որ Բարաք Օբաման սկզբում չի դատապարտել դիվանագիտական առաքելության շենքի վրա հարձակումը, այլ աջակցություն է հայտնել այդ հարձակումն իրականացնողներին»,- ասվում էր Ռոմնիի հաղորդագրության մեջ:
Օբաման աջակցություն է հայտնել Կահիրեում ամերիկյան դիվանագետներին, որոնք և հրապարակել են Ռոմնիին դատապարտող Օբամայի հայտարարությունը: «Դա այն տղաներից է եկել, որոնք գտնվել են իրադարձությունների կենտրոնում և կարող էին վտանգի ենթարկվել: Սովորաբար նման իրավիճակներում ես նախընտրում եմ մարդկանց մի փոքր ազատություն տալ իրենց գործողություններում, քան կասկածի տակ դնել անվտանգության վերաբերյալ նրանց դատողությունները: Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ Միթ Ռոմնին հակված է հապշտապ և ոչ հավաստի որոշումներ կայացնելու»,- ասել է Օբաման:
Օբամայի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Բեն Լաբոլտը նույնպես վրդովմունք է հայտնել հանրապետական քաղաքական գործչի խոսքերից: «Մենք ապշած ենք այն բանից, որ երբ Միացյալ Նահանգները սգում է Լիբիայում մեր դիվանագետի մահը, Միթ Ռոմնին նախընտրական արշավի նոր փուլ է սկսել»,- ասել է Լաբոլտը: