Սլովակիայի Ազգային կուսակցությունը դատապարտում է ոճրագործի ազատումը և սատարում հայության արդար պահանջին
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Սլովակիայի ամենահայտնի՝ Ազգային կուսակցության նախագահ Յան Սլոտան նամակ է ուղարկել ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին, որում հայտնել է Սլովակիայի Ազգային Կուսակցության խորը վրդովմունքը Հունգարիայի կառավարության կատարած քայլի և ընդհանրապես տեղի ունեցածի վերաբերյալ:
«Սլովակիայի Ազգային Կուսակցության անունից թույլ տվեք խորին ափսոսանք և վրդովմունք հայտնել Հունգարիայի կառավարության` Հայաստանի զինվորական սպային դաժանաբար սպանած ադրբեջանցի հանցագործին արտահանձնելու որոշման կապակցությամբ: Այս ցավալի քայլը հակասում է բոլոր միջազգային և իրավական պարտավորություններին:
Նման արարքն անթույլատրելի է նույնիսկ քրիստոնեության տեսանկյունից, որի արժեքների պահպանմանը մենք հակված ենք ճիշտ այնպես, ինչպես հայ ժողովուրդը: Սպանությունն ու հանցագործի արտահանձնումը կարող են պատճառ հանդիսանալ միջմշակութային և միջկրոնական տարաձայնությունների ուժեղացմանը և աջակցեն իսլամ ծայրահեղականներին: Այս կապակցությամբ ակնառու է հունգարական կառավարության խայտառակ երեսպաշտությունը, որը մի կողմից ելույթ է ունենում քրիստոնեական քաղաքակրթությանը հակվածության շուրջ և, մյուս կողմից, կատարում է մեր հայ քրիստոնյա եղբայրների նկատմամբ աղաղակող թշնամական արարք»:
Սլովակիայի Ազգային կուսակցության նախագահ
Յան Սլոտա