Վիզային ռեժիմը վրացիների համար չի կարող փոխվել Վրաստանի պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վրաստանի հետ գործող վիզային ռեժիմը չի կարող դյուրացնել այդ երկրում գործող «Օկուպացված տարածքների մասին» օրենքի պատճառով: Այս մասին, ըստ վրացական GHN լրատվական գործակալության՝ հայտարարել է «Իրակլի 2-րդ» միության ղեկավար Արչիլ Չկոիձեն:
Վերջինիս խոսքերով՝ իրենք դեռևս մարտին նամակ էին հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Վրաստանի քաղաքացիների համար առանց նախապայմաններ ներկայացնելու դյուրացնել վիզային ռեժիմը: Սակայն նամակին պատասխանել է ՌԴ ԱԳՆ-ն.
«Մեր քաղաքացիների համար միակողմանիորեն վերացնելով վիզային ռեժիմը՝ վրացական կողմը հրաժարվեց լուծել Վրաստանի տարածքում ռուսների անվտանգության իրավական երաշխիքների հարցը: Վրաստանում գործող «Օկուպացված տարածքների մասին» օրենքը նախատեսում է քրեական հետապնդում Աբխազիա և Հարավային Օսիա այցելած ռուսների համար, որոնք վրացական կողմը համարում է իր տարածքները:
Մի շարք ռուսներ այդ «հանցագործության» համար արդեն իսկ ստացել են կոնկրետ պատժաժամկետներ և ներկայումս գտնվում են վրացական բանտերում: Ռուսաստանը պատրաստ է փոխադարձաբար վերացնել Վրաստանի քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ վրացական կողմն ապահովի հուսալի իրավական պայմաններ, որոնք կերաշխավորեն Վրաստան այցելող ռուսների անվտանգությունը», նշել են ՌԴ ԱԳՆ պատասխան նամակում: