«Չափահասներին խաբեցիք, հիմա էլ դպրոցականների՞ն եք խաբում»
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ե՞րբ է կառավարությունն, ի վերջո, առաջին դասարանցիներին տրամադրելու խոստարված անվճար համակարգիչները:
«Կարո՞ղ եք արդյոք երաշխավորել, որ առաջին դասարանիցները խոստացված անվճար համակարգիչները կստանան մինչև կառավարության՝ ՀՀ սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետով նախատեսված հրաժարականից առաջ: Կոնկրետ պատասխան եմ ակնկալում, թե մոտավոր ե՞րբ կտրվեն համակարգիչները: Կառավարությունը կարո՞ղ է գոնե իր լիազորությունների սահմանում խոստանալ, որ 2013 թվականի բյուջեի նախագծում համապատասխան կարգով գոնե կներառվի այս հարցը: Այլապես կստացվի, որ քաղաքացիներին՝ մասնավորապես առաջին դասարանցիներին, տրված խոստումները կառավարությունը չի կատարում»,- դիմելով ՀՀ կառավարությանը, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նաև հավելեց, որ եթե կառավարությունը ցանկանում է կատարել իր այդ խոստումը, ապա վերջինիս միակ հնարավորությունը նախագահական ընտրությունների ընթացքում ընկած ժամանակահատվածն է. «Չափասահասներին տված խոստումը չեք կատարում, հիմա էլ առաջին դասարանցիների՞ն եք խոստանում ու չեք իրականացնում»:
Ի պատասխան Ն. Փաշինյանի հարցին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ կառավարությունը ԱԺ-ի դատին է արժանացրել հինգ տարվա գործունեության ծրագիր:
«Կառավարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել այս ծրագրի իրականացմանը: Կառավարությունը ձեռնամուխ է եղել, որպեսզի պետությունը տարեկան 50.000 համակարգիչ ձեռք բերի: Հիմա շարունակվում են բանակցությունները «Ինտեր» հանրահայտ ընկերություններից մեկի հետ: Մեր պատասխանը հետևյալն է, որ մեր ծրագիրը հինգ տարվա ծրագիր է ու հինգ տարվա ընթացքում մեր քաղաքական ուժը հաջողությամբ կիրականացնի այն»,- պատասխանեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը խնդրեց կոնկրետ ժամկետներ նշել, թե ե՞րբ կտրվեն համակարգիչները, ինչին ի պատասխան, վարչապետ Տ. Սարգսյանն ասաց. »Կառավարության 5 տարվա գործունեության ծրագրում կան բազմաթիվ սկզբունքային կետեր, որոնց իրագործումը դեռևս նախատեսված չէ: Նախատեսված է միայն ֆինանսների մշակումն այդ նախագծերն իրագործելու համար, որոնցից մեկն էլ հենց այս ծրագիրն է: Մենք խոստանում ենք, որ այդ ծրագիրը կհաստատվի, կմշակվի և կներկայացնենք ԱԺ դատին»: