
Պաշտոնապես հրավեր չենք ստացել

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե Եվրասիական միության հետ կապված պաշտոնական հրավեր եղե՞լ է և ինչպիսի՞ն է ՀՀ կառավարության վերաբերմունքը միության նկատմամբ, որոշակի գործընթացներ նախատեսվա՞ծ են, թե՞ ոչ:
Ի պատասխան, Տ. Սարգսյանն ասաց. «Քննարկումները գտնվում են մեր օրակարգում, և մշտապես, երբ հանդիպում ենք մեր գործընկերների հետ, հարցը քննարկում ենք: Պաշտոնապես միությանը մասնակցելու հրավեր մենք չենք ստացել, քանի որ այդ քննարկումները դեռևս ավարտված չեն: ՀՀ-ն շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներով ինչպես ԵվրԱզԵՍ-ի, այնպես էլ ԱՊՀ-ի, այնպես էլ Եվրամիության շրջանակներում: Մենք նույնպես համաձայն ենք, որ համագործակցության այդ գործիքները պետք է կատարելագործվեն և համապատասխան լինեն ժամանակակից աշխարհի մարտահրավերներին և պահանջներին: Մենք կարծում ենք, որ սխալ է ինտեգրացիոն գործընթացները հակադրել մեկը մյուսին, և այդ առումով ՌԴ քաղաքական հայտարարությունները համընկնում են մեր դիրքորոշման հետ, այսինքն` Եվրամիության ինտեգրացիայի գործընթացները երբեք չի կարելի հակադրել ԱՊՀ-ի շրջանակներում իրականացվող գործընթացներին»: