Լևոն Զուրաբյանը չի մասնակցի ԵԽ ԽՎ պատվիրակության հայաստանյան նիստերին

ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր ԱԺ-ում սկսված խորհրդատվությունները, թե ինչպես պետք է կազմակերպվի ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքը, ներկայացուցիչների բաշխումն` ըստ հանձնաժողովների, կանցնեն առանց իր մասնակցության:

Լևոն Զուրաբյանի խոսքով, ինքը հրաժարվում է մասնակցությունից այն պատճառով, որ ՀՀԿ–ն և ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «կոմպրոմիսի գնալու ոչ մի ցանկություն չցուցաբերեցին»:

«Բնական է, որ մենք կարծում ենք, որ ընդդիմության ձայնը պետք է լսելի լինի հենց այդ երկու հանձնաժողովներում: Սակայն այսօր առավոտյան՝ ԱԺ նախագահի, իսկ հետո՝ նաև պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի մոտ խորհրդակցություն եղավ, ու ամբողջ այդ ընթացքում ես փորձել եմ հանձնաժողովների բաշխման շուրջ գալ ինչ-որ կոմպրոմիսային լուծումների, բայց, ցավոք սրտի, Դավիթ Հարությունյանը, օգտագործելով իրենց կեղծ մեծամասնության  մեխանիզմները, կոմպրոմիսի չգնաց»,- ասաց նա:

Զուրաբյանը նշեց, որ երբ պարզ դարձավ, թե պատվիրակության ներկայացուցիչներից ով որ հանձնաժողովում պետք է ընդգրկվի, մեծամասնությունը չգնաց զիջումների. «Քանի որ կոմպրոմիսի գնալու ցանկություն մեծամասնության կողմից չկա՝ ի դեմս ՀՀԿ-ի ու Դավիթ Հարությունյանի, համարում եմ, որ անիմաստ է իմ մասնակցությունը կոնկրետ այն նիստերին, որտեղ իրենք որոշում են, թե որ հանձնաժողովում որ անդամին պետք է ընդգրկեն: Մեր կարծիքը ոչ մի նշանակություն չունի նրանց համար. նրանք դեմոկրատական մտածելակերպ չունեցող, դրանք կոմպրոմիսի գնալ չցանկացող մարդիկ են: Իրենք կեղծիքով ընտրված մեծամասնություն են, որոնք իրենց կեղծիքով հորդորված դիրքերը, մենաշնորհը փորձում են հաստատել՝ քվեարկելով կամ չարաշահելով իրենց դիրքերը: ԵԽ ԽՎ-ում կշարունակեմ տանել իմ աշխատանքները: Պարզապես հանձնաժողովի բաշխման հարցում ես չեմ մասնակցի, քանի որ այն  ուղղված է միայն ՀՀԿ-ի դիկտատն ապահովելու նպատակով»:

 

Տեսանյութեր

Լրահոս