
Բուդապեշտի փաստարկները արժանահավատ չեն. ամերիկահայության ցույցեր Վաշինգտոնում և Նյու Յորքում

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը երկուշաբթի օրը Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատանը հանդիպում է ունեցել դեսպան Գյորգի Սարապիի հետ` փոխանցելով ամերիկահայ համայնքի վրդովմունքը մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու` հունգարական կառավարության որոշման կապակցությամբ։
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` Հայ դատի հանձնախումբը քննադատել է պաշտոնական Բուդապեշտի թույլ արձագանքը Բաքվի կողմից մարդասպանին ներում շնորհելու և նրա զինվորական կոչումը բարձրացնելու փաստերին։
Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հունգարացի դիվանագետի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ամերիկահայ համայնքի մտահոգությունները, որ պաշտոնական Բուդապեշտի փաստարկները արժանահավատ չեն, և կոչ է արել Հունգարիայի կառավարությանը հրապարակավ ներողություն խնդրել ու հստակորեն դատապարտել Ադրբեջանի ամոթալի գործողությունները։
Նույն աղբյուրի փոխանցմամբ` սեպտեմբերի 10-ին շուրջ 300 ամերիկահայեր բողոքի ցույց և մոմավառության արարողություն են անցկացրել Նյու Յորքում Հունգարիայի հյուպատոսության դիմաց։