«ԼՂՀ-ն ճանաչել-չճանաչելու դեպքում պատերազմի հավանականությունը 50/50 է»

«Հայաստանն ունի չօգտագործված պոտենցիալ: Պետք է սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը, որին կհաջորդի արդեն տարածքների ճանաչումը»,- այսօրվա ասուլիսում հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը` հավելելով, թե մարդասպան Սաֆարովի հետ կատարվածից հետո ԼՂՀ չճանաչումը վկայում է ՀՀ իշխանությունների «սնանկության» մասին:

Նրա խոսքով, սակայն, ՀՀ իշխանությունները ցանկություն չունեն` ճանաչելու ԼՂՀ անկախությունը, որովհետև «ցանկություն չունի միայնակ լինել այդ ճանաչման հեղինակը»:

«Հայաստանը բարոյական պատասխանատվություն է կրում և պետք է միասնաբար ճանաչի ԼՂՀ-ն, բայց երբ գործը հասնում է խորհրդարանին, օրինագիծ են ներկայացնում` իմանալով կանխավ, որ չի ընդունվելու, սա թեթևացնում է հարցի արժեքը»,- ասաց Արման Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի` Հայաստանը զուգահեռաբար երկու գործընթացներ պետք է սկսի. առաջին` ԼՂՀ ճանաչման գործընթացը և միաժամանակ շարունակի բանակցությունները։
Արման Մելիքյանի փոխանցմամբ` ԼՂՀ-ն ճանաչել-չճանաչելու դեպքում պատերազմի հավանականությունը 50/50 է, քանի որ թե Հայաստանը, և թե Ադրբեջանը ցանկանում են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: «Պատերազմ կարող է ծագել տարածաշրջանային համատեքստում, իսկ եթե Ադրբեջանն ասի՝ ուզում եմ պատերազմել, այդպիսի բան տեղի չի կարող ունենալ»,- ասաց նա:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս