Մարգար Օհանյանը սպասում է Սերժ Սարգսյանի ներմանը
Հայաստանի նախագահից ներում հայցած այժմ ազատազրկման մեջ գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը հույսով սպասում է, որ Սերժ Սարգսյանը կբավարարի նրա ներման խնդրագիրը: Այդ մասին Panorama.am -ին տեղեկացրել է Մարգար Օհանյանի եղբայր Մուշեղ Օհանյանը (նշենք, որ վերջինը Մեծամորի ոստիկանության բաժնի պետն էր, սակայն վերջերս ազատվել էր աշխատանքից):
«Բավականին ժամանակ է, որ եղբայրս խնդրագիրը գրել է, բայց առայժմ պատասխան չկա: Բայց մենք դրական պատասխանի հույս ունենք»,- ասել է Մուշեղ Օհանյանը:
Հարցին, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ Մարգար Օհանյանը ներում խնդրելու մասին որոշում կայացրեց, Մուշեղ Օհանյանը պատասխանել է. «Ես չեմ կարող ասել՝ ինչո՞ւ, որովհետև որոշումն ինքն է կայացրել: Այդ հարցին ոք չի կարող պատասխանել, միայն ինքը»:
Մարգար Օհանյանի՝ նախագահից ներում խնդրելու մասին խոսակցությունները երկար ժամանակ է՝ շրջանառվում են: Նրա փաստաբան Մկրտիչ Վասակյանը պարբերաբար հերքում էր այդ մասին լուրը: Panorama.am-ին Վասակյանն ասել էր, որ Մարգար Օհանյանն ինքնամփոփ մարդ է և հայտնի չէ ներման խնդրագիր գրելու հետ կապված ինչ որոշում կկայացնի:
Հիշեցնենք` Մարգար Օհանյանը մայիսի 30-ին դատապարտվել էր 6 տարի ազատազրկման. Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, նա` աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, «մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է իրեն վստահված, ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում»:
Օհանյանը, որ այդպես էլ համաձայն չէր իրեն առաջադրված մեղադրանքի հետ, չցանկացավ բողոքարկել վճիռը Վերաքննիչ դատարանում: