«Ժողովրդավարական գործընթացների առաջամարտիկները»` ՀՀ-ում

Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցան նորմալ, «աղմկահարույց որևէ բան տեղի չունեցավ»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա, ՏԻՄ ընտրությունները ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ «ամենաազդեցիկ և ամենավստահելի քաղաքական ուժը, այնուամենայնիվ, մնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»: «Որպես հանրապետական շատ գոհ եմ, որ ՀՀԿ-ի հիմնական թեկնածուները շատ բարձր ցուցանիշով հաղթանակեցին ՏԻՄ ընտրություններին»,- «Փաստինֆոյի» փոխանցմամբ, ասել է նա:

Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե ՏԻՄ ընտրություններում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, Է.Շարմազանովը նշել է, որ` եթե անգամ արձանագրվեր 1000 խախտում, ապա հաշվի առնելով, որ ընտրություններն անցել են 480-ից ավելի համայնքներում, այդ դեպքում անգամ, յուրաքանչյուր համայնքում միջինում կլիներ 2 փոքրիկ խախտում:

«Քանի որ ամեն ինչ հարաբերական է և համեմատության մեջ է, մենք պետք է ամեն ինչ համեմատենք անցյալ ընտրությունների հետ»,- ասել է Շարմազանովը` հավելելով, որ այս ընտրությունները «բավականին դրական անցան, ժողովրդավարական ընտրություններ էին»:

Այդուհանդերձ, ըստ Է.Շարմազանովի, բոլոր այն մարդիկ` անկախ քաղաքական դիրքորոշումից, ովքեր կատարել են որոշակի խախտումներ, բնականաբար, պետք է օրենքի սահմաններում պատժվեն:

«Մեր կարծիքը հստակ է. մենք ժողովրդավարական գործընթացների առաջամարտիկն ենք ՀՀ-ում»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս