
Հմայակ Հովհաննիսյանը կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կառաջադրի իր թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում: Այս մասին 168.am-ին հայտնեց Հմայակ Հովհաննիսյանը:
«Դեռ ԿԸՀ-ն, իհարկե, չի նշանակել ո՛չ քարոզարշավի, ո՛չ ընտրությունների օրը, բայց ես մտադրվել եմ առաջադրվել, քանի որ ունեմ ծրագրեր, ունեմ ասելիք, ընտրողների կողմից պահանջված էի, եթե հաշվի առնենք, որ ընտրվեցի խորհրդարանի պատգամավոր: Ինձ համար հնարավորություն է ստեղծվում անկախ կարգավիճակով գնալու խորհրդարան՝ որպես անկախ պատգամավոր՝ ապավինելով միայն ժողովրդի աջակցությանը»,- նշեց նա:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքով՝ թիվ 1 ընտրատարածքում սպասվող լրացուցիչ ընտրությունները քաղաքացիական սեկտորը ներկայացնող անկուսակցական քաղաքական գործիչների համար հնարավորություն կստեղծեն` ԱԺ-ում առկա անկուսակցական պատգամավորների պակասը լրացնելու համար:
Նշենք, որ նույն ընտրատարածքում, ըստ նախնական տեղեկությունների, իր առաջադրման մասին է հայտարարել նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Իսկ նախկինում առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքը դեռ մտածում է առաջադրվելու ուղղությամբ: