
Հանրային խորհուրդը Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ է ընտրել

Այսօր` սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ընտրվել է հանձնաժողովի նոր նախագահ:
Նիստին մասնակցել է հանձնաժողովի 91 անդամ: Նիստը ղեկավարել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամ Վլադիմիր Մովսիսյանը, ՀԽ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ և ՀԽ նախկին անդամ, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Հիշեցնենք, որ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունը պայմանավորված էր Դերենիկ Դումանյանի` ՀԽ անդամի լիազորությունները դադարեցվելու հանգամանքով:
Դերենիկ Դումանյանը շնորհակալություն է հայտնել նախկին գործընկերներին և որպես նախարար` վստահեցրել, որ Հանրային խորհրդի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից բարձրացված յուրաքանչյուր դիտողություն, ահազանգ կամ առաջարկ ամենայն մանրամասնությամբ կքննարկի Առողջապահության նախարարությունում:
Այնուհետև հանձնաժողովի անդամների կողմից` որպես հանձնաժողովի նախագահի միակ թեկնածու, առաջադրվել է հանձնաժողովի անդամ, ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը, որն էլ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է հանձնաժողովի նախագահ:
Հանձնաժողովի անդամները Հայրապետ Գալստյանի թեկնածությունն առաջադրելն ու պաշտպանելը բացատրել են առողջապահության ոլորտում նրա ունեցած մեծ վաստակով, հասարակական ակտիվությամբ և միջազգային դաշտում ունեցած հեղինակությամբ:
Վազգեն Մանուկյանը նշել է, որ մինչ օրս Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կարծիքը մեծ ազդեցություն և հեղինակություն է ունեցել կառավարության համապատասխան որոշումների ընդունման ժամանակ` հույս հայտնելելով, որ այսուհետ հանձնաժողովն է´լ ավելի լուրջ դերակատարում կունենա ոլորտի բարեփոխման գործում: