
ԲՀԿ-ն իր պահանջն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու պահանջը Մասիսի ԲՀԿ-ական թեկնածու Կարապետ Օհանյանի ներկայացուցիչները ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):
Հիշեցնենք, որ երեկ Մասիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը, ով ստացել է 5248 ձայն, իսկ վերջինիս ԲՀԿ-ական մրցակից Կարապետ Օհանյանը ստացել է 4698 ձայն: Հաղթած թեկնածուի և ԲՀԿ-ական պարտված թեկնածուի միջև ձայների տարբերությունը 550 է, և անվավեր է ճանաչվել մոտ 500 քվեաթերթիկ:
«Եթե ես խոսեմ ընդհանուր, գլոբալ ՏԻՄ ընտրությունների մասին՝ սեպտեմբերի 9-ին ես այդ մասին արդեն ասել եմ, կարծես թե խորհրդարանական ընտրությունների ավելի փոքր մանրակերտն է, և, ըստ էության, այն նույն օրինազանցությունները, որոնք արձանագրվեցին մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններում, այդ լրջագույն խնդիրները` օքսիդացող դրոշմակնիքների հետ կապված, վարչական ռեսուրսի կիրառում, և շատ տարօրինակ կերպով, չգիտես ինչու, ընտրությունների օրը մեր ընտրող քաղաքացիների մոտ սրվում է տեսողության խնդիրը, չգիտես ինչու, շատերն ընտրատեղամաս են մտնում երկու հոգու ուղեկցությամբ: Այսինքն` բազմաթիվ խնդիրներ կան, որոնք, ըստ էության, կրկնվեցին: Այն, ինչին մենք ականատես եղանք խորհրդարանական ընտրություններում, ըստ էության, կրկնվեց նաև այս ընտրություններում»,- ասաց Ն. Զոհրաբյանը: