Նալբանդյանն ու ՀԱՀ դեսպանը կարևորել են ոսկերչության և ադամանդագործության ոլորտում համագործակցությունը

Սեպտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավ Աֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Չուպու Ստենլի Մաթհաբաթհային (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Այս մասին 168.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Ողջունելով հյուրին և շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նրա գործունեությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նախարարը նաև հավելեց, որ հայկական կողմը կարևորում է հարաբերությունների զարգացումը աֆրիկյան առաջատար երկրների, այդ թվում Հարավ Աֆրիկյան Հանրապետության հետ:

Դեսպան Մաթհաբաթհան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու եւ ընդլայնելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, տնտեսական, տեխնիկական և գիտակրթական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին: Այս համատեքստում նշվեց Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության և Հարավային Աֆրիկայի Հյուսիսային Քեյփի նահանգի կառավարության միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ոսկերչության և ադամանդագործության ոլորտում համագործակցությունը և մասնագիտական փորձի փոխանակումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս