Գրադարաններից գողության գործում կներգրավվի հանրային պաշտպան

ՀՀ ազգային և Երևանի պետական համալսարանի գրադարաններից գողությունների գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Դավիթ Ղամբարյանը խնդրել է դատարանից իր պաշտպանությունն իրականացնելու համար Հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպան հրավիրել: Դավիթ Ղամբարյանը տեղեկացրել է դատարանին, որ սոցիալապես անապահով է, ունի 5 անդամից բաղկացած ընտանիք՝ կինն ու երեք երեխաները, կինը չի աշխատում, ուստի չի կարող վճարել պաշտպանի ծառայությունների դիմաց: Այս մասին տեղեկացնոմ է «Փաստինֆոն»:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է միջնորդությունը ու դատական նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 18-ը: Այդ օրը հանրային պաշտպանն, ըստ ամենայնի, ժամանակ կխնդրի գործի նյութերին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Վ. Ազարիաշվիլին «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի Երևանի Տերյան փողոցի 72 հասցեում գտնվող շենքի գրապահոց ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գրքերի գողություն կատարելու վերաբերյալ 2010թ-ի հուլիսին նախնական համաձայնության է եկել այդ շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ Ղամբարյանի և ազգությամբ ուկրաինացի ոմն Վլադ Տրուբիցինի հետ:

Երվանդ Ղամբարյանը, Վաժա Ազարիաշվիլին և Վլադ Տրուբիցինը 2010թ. հուլիսից մինչև 2011թ-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց և այնտեղից գողացել` գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր 7.500.000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքեր:

Տեսանյութեր

Լրահոս